Ոստիկանությունը հայտնել է այսօր՝ օգոստոսի 30-ին Արագածոտնի մարզում վթարի հետեւանքով զոհված անձանց ինքնությունը:

Ժամը 05.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ-տրանզիտ» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ֆորդ-տրանզիտ»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել»-ի վարորդ, 1972 թ. ծնված Արամ Հովհաննիսյանը եւ ուղեւորներ, 1973 թ. ծնված Վաչագան Ասատրյանը, 1947 թ. ծնված Լավրենտ Հովհաննիսյանը եւ 1971 թ. ծնված Պարթեւ Հովհաննիսյանը տեղում մահացել են:

Կատարվում է քննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԻՆ լրատվական ծառայությունը, օգոստոսի 30-ին, ժամը 05.40-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 33 UV 324 եւ «Ֆորդ» մակնիշի 22 SO 746 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ 3 ուղեւորները տեղում մահացել են:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1987 թ. ծնված Թ. Թ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Ավտոմեքենայի վարորդը` 1986 թ. ծնված Ս. Հ.-ը, հոսպիատալացվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այստեղ վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել զոհերին ավտոմեքենայից եւ կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: