Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում իրականում միայն մեկ թեկնածու կա, որի անունը բոլորին քաջ հայտնի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Անդրեյ Արեշեւը՝ հավելելով, որ, իհարկե, կարող են  «տեխնիկական» թեկնածուներ լինել,  սակայն դա իրավիճակը չի փոխի:

«Թեեւ եվրոպական եւ միջազգային հանրությունը պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին կառավարման բռնատիրական կարգի համար, ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, Ադրբեջանի նախագահական ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպերի հավանականությունը  բացառվում է», - ընդգծել է քաղաքագետը:

Խոսելով Ադրբեջանում նախագահական ընտրությունների կապակցությամբ Արեւմուտքի արձագանքի մասին՝ Արեշեւը նշել է, որ իրականում ԵՄ-ի համար Ադրբեջանի հետ էներգետիկական համագործակցությունը եւ որոշակի այլ շահեր ունեն առաջնային նշանակություն, որն, անկասկած,  ինչ-որ կերպ կանդրադառնա այն գնահատականներում, որոնք կտրվեն ընտրությունների արդյունքների վերաբերյալ: «Իհարկե, այդ գնահատականներում քննադատություն կլինի, սակայն այնուամենայնիվ, քվեարկության արդյունքները բոլորը փաստացի կընդունեն», - եզրակացրել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Ադրբեջանի ԿԸՀ-ն ընդունել էր Ջամիլ Հասանլիի՝ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի  երկրորդ թեկնածուի փաստաթղթերը:

Ընդդիմադիր Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը օգոստոսի 23-ի արտահերթ նիստում ընտրել էր Հասանլիի թեկնածությունը՝ որպես այլընտրանք, եթե ԿԸՀ-ն չընդունի Խորհրդի նախագահ, գրող եւ կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի փաստաթղթերը, որին Ազգային խորհուրդը որպես հիմնական թեկնածու էր առաջադրել:

Օգոստոսի 27-ին Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժել էր Իբրահիմբեկովին քանի որ նա երկքաղաքացիություն ունի՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: