Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Ջամիլ Հասանլու թեկնածությունն առավել բանական է, քան Ռուստամ Իբրահիմբեկովինը՝ հաշվի առնելով,  որ վերջինս մեծ հաշվով Ռուսաստանի քաղաքացի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կարավաեւը:

Նրա համոզմամբ, Իբրահիմբեկովի խնդիրն իրականում ոչ թե այն է, որ նա երկքաղաքացիություն ունի, այլ այն, որ նա ոչ մի կերպ չի տեղավորվում ժամանակակից Ադրբեջանի համատեքստում, ինչպես որ պետք է լինի ընդդիմության առաջնորդի դեպքում: «Ջամիլ Հասանլու դեպքում նույնպես ամեն բան ակնհայտ չէ. հավանաբար, այս ընտրությունը հարկադիր է, քանի որ Ադրբեջանում չի ձեւավորվել նոր տեսակի առաջնորդ, ինչպես օրինակ Նավալնին Ռուսաստանում: Ադրբեջանում ընդդիմության ողջ ակտիվ ճարտախոսությունը օգտագործում է այսպես կոչված «հին գվարդիայի» մեթոդներ, այսինքն այն քաղաքական գործիչների, ովքեր 90-ական թթ. կեսերին կարճ ժամանակով եղել են ադրբեջանական իշխանության գլխին»,- նշել է Ալեքսանդր Կարավաեւը՝ հավելելով, որ նախագահի պաշտոնին հավակնող ընդդիմության առաջնորդները նոր առաջնորդներ չեն:

Ինչպես նշել է քաղաքագետը, Ջամիլ Հասանլու դերը բարոյական հեղինակության դեր է՝ մարդ, ով պետք է ցույց տա, որ ընդդիմությունն ինչ-որ ուժ է ներկայացնում:

«Ինչ վերաբերում է ընդդիմության իրական հնարավորություններին, ակնհայտ է՝ դրանք չնչին են: Ադրբեջանական ընդդիմության գլխավոր խնդիրն այն չէ, որ այն ճնշման ներքո է գտնվում, այլ այն, որ այն նոր գաղափարների պակաս ունի, որոնք կհամապաստասխանեին ժամանակակից քաղաքացու պահանջներին»,- հայտարարել է Ալեքսանդր Կարավաեւը:

Նրա խոսքով, իրականում Իլհամ Ալիեւի ընտրությունը շատերին է ձեռնտու, եւ Հայաստանի նախագահի արտահայտություններն այդ առթիվ բացառություն չեն կազմում: «Բանն այն է, որ Ալիեւին սովորել են, նա կանխատեսելի է, եւ անգամ վարկանիշային տեսանկյունից նա չի անցել ինչ-որ խորհրդանշական սահման: Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ Ռուսաստանում տեղերով Մեդվեդեւի ու Պուտինի փոխվելուց հետո, երրորդ ժամկետն արդեն չի դիտարկվում որպես հետխորհրդային միջավայրի չափանիշ»,- ընդգծել է քաղաքագետը՝ հավելելով, որ հաջորդ գործոնն այն է, որ Ադրբեջանում իրավիճակն այնքան վատ չէ, ինչպես որ մերձավոր Արեւելքում: «Ստացվում է, որ հարաբերություններ ունենալով աշխարհաքաղաքակամ բեւեռների հետ, կարգավորելով հարաբերությունները Ռուսաստանի եւ Եվրոպական միության հետ, Ալիեւի մոտ ամեն բան բարեհաջող է դասավորվում»,- եզրափակել է Ալեքսանդր Կարավաեւը:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին: