ԱՄՆ-ում կրկին շոգին մեքենայում մնացած նորածին է մահացել: Այս անգամ դեպքը կատարվել է Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում

31-ամյա հայր Դենիել Բրայանտ Գրեյը շոգին մեքենայում փակված է թողել երեք ամսական որդուն` Ջեյմսոնին, իսկ ինքը մտել է սպորտ-բար, որի աշխատակիցն է հանդիսանում:

Որոշ ժամանակ անց վերադառնալով երեխայի հետեւից՝ տղամարդը նրան ուշագնաց վիճակում է գտել: Ըստ ոստիկանների՝ մեքենայի ներքին ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը: Գրեյը երեխային բար է տարել եւ շտապօգնություն կանչել, սակայն տղան վախճանվել է մինչեւ բժիշկների ժամանելը, գրում է vesti.ru-ն:

Տղամարդուն մեղադրել են դաժան վերաբերմունքի եւ սպանության մեջ: Ներկայումս նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ վերջերս նման հանգամանքներում Նյու Յորք նահանգի Հեմփոթեդ քաղաքում վախճանվել էր յոթ ամսական մի նորածին:

ԱՄՆ-ում շոգին նորածնին կրկին թողել են մեքենայում. յոթ ամսական փոքրիկին չեն կարողացել փրկել

Անցյալ տարվա օգոստոսին Թենեսի նահանգի Սմիրնա քաղաքում զոհվել էին 25-ամյա Սամանտա Հարփերի երկու մանկահասակ երեխաները, որը նրանց թողել էր փակ մեքենայում՝ 35 աստիճան շոգին, իսկ ինքը մտել էր տուն եւ քնել: