ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը 8-րդ սպասարկման կետի բացումն է իրականացրել Ծաղկաձոր կուրորտային քաղաքում: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ԿԱՐԱՍ-ի մամուլի ծառայությունից, նորաբաց ռեստորանը Ծաղկաձորում առաջինն է:
Նորաբաց ռեստորանի ընդհանուր տարածքը կազմում է 300քմ: Ռեստորանում ներկայացված ապրանքատեսականին բաղկացած է մոտ 300 ապրանքային միավորից: Ճաշացանկի հիմքում ընկած են հայկական ավանդական խոհանոցի լավագույն կերակրատեսակները: «Ծաղկաձորում սա մեր առաջին ռեստորանն է. այն իդեալական վայր է թե տեղի բնակիչների, թե հանգստացողների եւ տուրիստների համար: Այցելուների հարմարավետ հանգիստն ապահովելու համար, ռեստորանում մենք ստեղծել ենք նաեւ երեխաների համար նախատեսված մանկական զվարճանքների սենյակ», - նշել է ընկերության տնօրեն եւ համասեփականատեր Տիգրան Յուզբաշյանը:
Ինչպես ցանցի մյուս սպասարկման կետերում, այստեղ եւս գործելու են ցանցի ստանդարտ ծառայությունները, եւ արագ համեղ առաքում, որը հասանելի կլինի ինչպես Ծաղկաձորում, այնպես էլ Հրազդան քաղաքում, անկանխիկ վճարումներ, թեժ գիծ եւ այլն:
Ռեստորանն աշխատելու է յուրաքանչյուր օր` ժամը 10:00-02:00:
Նշենք, որ ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին եւս 4 բիստրոներ Երեւան քաղաքի տարբեր համայնքներում եւ 2 ռեստորան քաղաքի կենտրոնում: 2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 65 հազար հաճախորդի:





























