Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ:

Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, եւ ինքնորոշման փաստը՝ անբեկանելի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել եւ փրկագնել է դաժանագույն պատերազմում ծանրագույն կորուստների գնով: Հանուն իր անկախության արցախցին քվեարկել է ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլեւ համաժողովրդական ինքնապաշտպանությամբ: Արցախցին «Այո՛» է ասել ազատությանն ու անկախությանը, եւ «Ո՛չ»՝ բռնությանն ու կոտորածին:

Սիրելի՛ արցախցիներ,

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, աշխարհի ողջ հայությունը ձեզ հետ միասին կրկնում է «Այո՛»: «Այո՛»՝ ժողովրդավարությանը եւ համամարդկային արժեքներին, «Ո՛չ»՝ հակահայ ֆաշիզմին եւ բռնապետների քմահաճույքներին:

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, մենք փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես կայացած պետականություն, շարունակում է իր համակողմանի զարգացումը: Ղարաբաղի ժողովրդի խաղաղ աշխատանքն ու արարումն արդեն արմատապես եւ դրականորեն փոխել են նրա դիմագիծը: Աշխարհի երեսին այսօր կան ոչ քիչ երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչված են միջազգային հանրության կողմից, բայց կերազեին ունենալ ԼՂՀ-ի ներքին կազմակերպվածությունն ու կայունությունը, ժողովրդավարության եւ քաղաքական ազատությունների աստիճանը: Եվ սա այն դեպքում, երբ արցախցին ստիպված է մի ձեռքով մշտապես զենք բռնել եւ աշխատել միայն մեկ ձեռքով:

Սիրելի՛ արցախցիներ,

Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ լուրջ խնդիրներ ունենք լուծելու՝ սկսած կենցաղից, վերջացրած ռազմաքաղաքական հարցերով, բայց մի բան հստակ է բոլորիս համար՝ վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց այլեւս չի լինելու:

Կեցցե՛ ազատ Արցախը՝ հայության պատվարն ու արդարության հաղթանակի խորհրդանիշը»: