Եկատերինբուրգում ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը ձերբակալել է «ռուսական մաֆիայի սպանված արքա» Դեդ Հասանի զարմիկ, «օրենքով գող» Սվերդլովցի Թիմուրին  ենթակա հանցախմբերի մի քանի անդամների:  Հատուկ գործողությունը տեղի է ունեցել  Եկատերինբուրգի «7 բանալի» սրճարանում` սեպտեմբերի 1-ին: 

Ոստիկանությունում նշել են, որ «ձերբակալվածների ճնշող մեծամասնությունը Ադրբեջանից են»: Ըստ ՆԳՆ-ի տվյալների` նրանք ոստիկանություն են բերման ենթարկվելու`«մատնահետքերը եւ տարածաշրջանում հանցագործություններին մասնակցությունն ստուգելու համար»:

«17:45 –ին Ռուսաստանի Սվերդլովի մարզի ՆԳՆ ԳՎ-ի քրեական հետախուզման վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները կանխել են հանցավոր աշխարհի 48 ներկայացուցիչների հանդիպումը Անգարի փողոցի «7 բանալի» սրճարանում», - հայտնում է մարզի ՆԳՆ ԳՎ-ի պաշտոնական կայքը: Ձերբակալվածների թվում են եկվորներ Ուֆայից, Չելյաբինսկից, Նոյաբրսկից եւ Ռուսաստանի այլ քաղաքներից:  Ըստ ոստիկանության` նրանք հավաքվել էին քրեական շուկայի նոր սահմանները քննարկելու համար: Ձերբակալվածները եղել են Սվերդլովցի Թիմուրին ենթակա հանցախմբերի անդամները, որը Դեդ Հասան մականվամբ օրենքով գող Ասլան Ուսոյանի զարմիկն է, հաղորդում է  NEWSru.com-ը:

Ընդ որում, ոստիկանությունում չեն հստակեցնում, թե ձերբակալվածների շարքում կար արդյոք Թեմուրի Միրզոյեւը  (Սվերդլովցի Թիմուր կամ Թբիլիսցի Թիմուր): Սակայն գերատեսչությունում նշել են, որ սրճարանում հատուկ գործողոթյան ընթացքում բռնել էին օգոստոսի 30-ին Կամիշլովում հյուրանոցային համալիրի վրա հարձակվողներից չորս կասկածյալի, երբ հանցագործները հյուրանոց էին ներխուժել, փողոց դուրս բերել տնօրենին, այնուհետեւ ծեծել եւ կտրել վերջինիս ականջը: Հարձակումից առաջ տնօրենը սպառնալիքներ էր ստացել` ամսական 1,5 միլիոն ռուբլի տուրք վճարելու պահանջով: Հարձակումից հետո գումարը կրկնակի ավելացվել էր:

Ձերբակալությունից հետո բռնագրավվել է չորս տրավմատիկ ատրճանակ, մի քանի մեծ դանակ եւ մահակ: Հանդիպման մասնակիցներից մեկը «Սկիֆ»-ի աշխատակից էր, որի մեքենայում հայտնաբերվել է Մակարով տեսակի ատրճանակ: