Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։
Ուղերձում, մասնվորապես, ասվում է.
«Սիրելի՛ դպրոցականներ, մանկավարժներ ու ծնողներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ:
Կրթությունը, դպրոցը եւ, ընդհանրապես, գիտելիքը միշտ էլ առանձնահատուկ դեր ու նշանակություն են ունեցել մեր հազարամյա պատմության ողջ ընթացքում: Հայ ժողովուրդը միշտ էլ ընդգծված պատկառանք ու հոգատար վերաբերմունք է ունեցել դպրոցի եւ ուսուցչի հանդեպ:
Անկախ պատմական ժամանակահատվածից, աշխարհաքաղաքական իրադրությունից՝ գիտելիքի եւ կրթության հանդեպ ձգտումը միշտ եղել է մեր ժողովրդի ուղեկիցը:
Մարդկության առաջընթացի, նաեւ մեր երկրի զարգացման կարեւորագույն նախապայմանն այսօր էլ գիտելիքն ու կրթությունն են: Կիրթ հասարակությունը ցանկացած պետության վաղվա օրվա, լուսավոր ապագայի երաշխավորն է, ուստի մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է բանիմաց, կիրթ ու հայրենասեր հասարակության կայացման գործում։
Սիրելի՛ մանկավարժներ եւ ծնողներ, ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել ձեզ` մեր երկրի արժանավոր քաղաքացիներ կրթելու եւ դաստիարակելու դժվար, բայցեւ պատասխանատու գործը պատվով կատարելու համար:
Սիրելի՛ դպրոցականներ, մեկ անգամ եւս շնորհավորելով բոլորիդ՝ համոզված եմ, որ ուսման մեջ գրանցած ձեր յուրաքանչյուր հաջողությամբ դուք եւս մեկ քայլով ամրապնդելու եք մեր բարեկեցիկ վաղվա օրն ու ձեր ակտիվ եւ անմիջական մասնակցությունն եք ունենալու մեր երկրի ապագայի ու ավելի լավ Երեւանի կերտման գործում»:





























