Վոլգայի  ավազանի մոտ գտնվող «Ժիտնոյե» շքեղ հանգստյան գոտին, որը պատկանում է պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովի քրոջ ամուսին Վալերի Պուզիկովին, անվերադարձ հանձնվել է  ռազմական գերատեսչության պետական կառույցներին: Սեփականատերերը, այդ թվում` Պուզիկովը, նման որոշում են կայացրել բաժնետերերի արտահերթ հանդիպման ժամանակ: Այսպիսով, Սերդյուկովի փեսան  փակել է «ճանապարհի կանաչապատման գործը», որի շրջանակում նախկին նախարարին հարցաքննում էին որպես վկա, սակայն վերջինս կարող էր հայտնվել նաեւ մեղադրյալների շարքում, գրում է «Կոմերսանտը»:

Հանգստյան գոտին պաշտպանության նախարարությանը վերադարձնելուց հետո «Ժիտնոյե»-ի հետագա բարեկարգման հանգամանքների քննությունն անիմաստ է, ասել են փորձագետները:

Ըստ «Կոմերսանտի»` Սերդյուկովը ժամանակի ընթացքում գնալով ավելի քիչ է մտահոգվում իր ճակատագրով` ռազմական գերատեսչությունում իր յուրացումների քննության կապակցությամբ: Օգոստոսի սկզբին կայացած վերջին հանդիպման ընթացքում Սերդյուկովը ժպտում էր, կատակում եւ վարչության աշխատակիցներին նույնիսկ զվարճալի պատմություններ պատմում իր նախարարական կյանքից: 

«Ժիտնոյե» հանգստյան գոտին հայտնի է որպես պետական կարեւոր անձանց հանգստյան վայր: Օրինակ, 2011թ. օգոստոսին այնտեղ ձկնորսության են մեկնել Դմիտրի Մեդվեդեւը եւ Վլադիմիր Պուտինը: Սակայն հանգստավայրի մշտական հյուրերն են եղել Սերդյուկովը եւ իր շրջապատի մարդիկ, հենց այդ պատճառով էլ  «Ժիտնոյե»-ն անվանում էին «նախարարական առանձնատուն»:

Այդ համալիրի համար պաշտպանության նախարարության հաշվին կամուրջներով ճանապարհ էր կառուցվել: Բացի դրանից, մոտակա զորամասերից զինվորներին ուղարկում էին այդտեղ` հանգստյան գոտու շուրջը կանաչապատելու համար: Սերդյուկովը ռազմական գերատեսչության մասնակցությունը մեկնաբանել էր որպես «ծառայողական անհրաժեշտություն»: Սակայն «Ժիտնոյե»-ում շարքային զինվորականների հանգստի մասին ոչինչ հայտնի չէ: