Մեծ Բրիտանիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ու դրա համանախագահների գործունեությանն ու կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյան Հեյգը՝ Լոնդոնում ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ընթացքում:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունում ԱՊԱ գործակալությանը հաղորդել են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի ԱԽ-ի օրակարգում ներառված արդիական հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ադրբեջանի ԱԳՆ-ում նաեւ հաղորդել են, որ Հեյգը շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաեւ Աֆղանստանում գործողությունների իրականացման ընթացքում ցուցաբերած համագործակցության համար:
Միեւնույն ժամանակ, ադրբեջանական «Ազադլիգ» պարբերականն ընդգծում է, որ Մամեդյարովին Լոնդոն ուղարկելու որոշումը կայացվել է հրատապ, երբ հայտնի է դարձել, որ ադրբեջանական ընդդիմությունը սեպտեմբերի 8-11 պատրաստվում է մեկնել Լոնդոն՝ բրիտանական կողմի հրավերով: Մամեդյարովը Մեծ Բրիտանիա է մեկնել սեպտեմբերի 3-ին:





























