ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ ի վիճակի չէ լուծելու Սիրիայի հարցը՝ տարակարծությունների պատճառով: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը  սեպտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրգի  պետհամալսարանի ուսանողների առաջ ելույթ ունենալիս: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սանկտ Պետերբուրգ էր ժամանել G20 գագաթաժողովին մասնակցելու համար:

«Պատմության մեջ երբեմն պահեր են եղել, երբ ԱԽ-ն ի վիճակի չի եղել որոշում կայացնել՝ իր անդամների միջեւ քաղաքական տարաձայնությունների պատճառով: Այժմ Սիրիայի հարցում մենք  հենց նման իրավիճակ ենք տեսնում», - ասել է գլխավոր քարտուղարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա հիշեցրել է, որ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումը ԱԽ-ի գլխավոր պատասխանատվությունն է, եւ ԱԽ-ի անդամներին կոչ է արել հաղթահարել տարակարծությունները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ Սիրիայի հարցով միջազգային կոնֆերանս կարող է անցկացվել հոկտեմբերին:

«Ես հուսով եմ, որ այդ հանդիպումը շուտ տեղի կունենա: Հնարավոր է՝ հոկտեմբերին, սեպտեմբերը շատ զբաղված ամիս է, գլխավոր ասամբլեայի նիստ, հանդիպումներ»,- ասել է նա եւ  հավելել, որ սիրիական հակամարտությունը միայն խաղաղ լուծում ունի: