ԱՄՆ-ի Կոնգրեսը չի կարող հավանություն տալ Սիրիային հարվածելու որոշմանը, դա նրա իրավասության ներքո չէ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մարդու իրավունքների խորհրդի նիստում:

«Մենք այժմ բոլորս կենտրոնացած ենք այն բանի վրա, որ Կոնգրեսում քննարկվում է ուժի կիրառումն արտոնելու հարցը: Սա առողջ բանականության, միջազգային իրավունքի ըմբռնման բացարձակ նենգափոխում է», - ասել է Պուտինը եւ շարունակել, որ «ոչ մի երկրի Կոնգրես չի կարող նման բան արտոնել»:

«Նրանք ի՞նչ են արտոնում: Նրանք արտոնում են ագրեսիան, քանի որ այն, ինչը դուրս է ՄԱԿ-ի ԱԽ շրջանակներից, ագրեսիա է, բացառությամբ ինքնապաշտպանության: Իսկ Սիրիան, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի վրա չի հարձակվում, ուստի ինքնապաշտպանության մասին խոսք չկա», - նախագահի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:

Ընդ որում, նա նշել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիայում ուժ գործադրելու հարցի վերաբերյալ Կոնգրեսի քննարկումներում ստում են, երբ ասում են, որ  ամերիկյան հարվածները չեն հանգեցնի այդ երկրում  «Ալ Կաիդայի» դիրքերի ամրապնդման, ինչպես նաեւ ստում են այն ժամանակ, երբ պնդում են, որ Սիրիայում «Ալ Կաիդա» ընդհանրապես չկա:  «Ստում են, իհարկե, գեղեցիկ չէ», - նկատել է նա:

Պուտինը հիշեցրել է, որ «Ալ Կաիդան» սիրիական ընդդիմության կողմում պայքարող հիմնական ստորաբաժանումն է:  «Հիմնական ռազմական օղակը՝ այսպես կոչված Ալ Նուսրան, «Ալ Կաիդայի» բջիջն է: Նրանք գիտեն այդ մասին», - ասել է Պուտինը: