Եվրոպական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ Մաքսային միություն մուտք գործելու Հայաստանի նախագահի որոշման վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ 2013թ.-ի հուլիսին երեքուկես տարի հետո կողմերը ավարտին են հասցրել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի (ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին) շուրջ բանակցությունները: Այդ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտար ԵՄ աջակցությամբ առաջ մղել համալիր արդիականացման ու բարեփոխումների ծրագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրացիայի վրա:

«Մենք ի գիտություն ենք ունենում Մաքսային միությանը միանալու Հայաստանի ակնհայտ ցանկությունը: Մենք ակնկալում ենք հայկական կողմից ավելի հստակ հասկանալ, թե որոնք են Հայաստանի մտադրությունները, եւ թե ինչպես է Հայաստանը ցանկանում ապահովել համակցությունն այդ ցանկության եւ Ասոցացման եւ ԽՀԱԱՊ համաձայնագրերով իրենց ստանձնած պարտավորությունների միջեւ: Այս խորհրդակցությունների ավարտից անմիջապես հետո մենք կներկայացնենք ապագա զարգացումների վերաբերյալ մեր եզրակացությունները:

Ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ ԱՀ/ԽՀԱԱՊ-ն պարտադիր է բարեփոխումների համար, որոնք օգուտ կբերեն բոլորին, այլ ոչ թե զրոյական արդյունքով խաղ է: Այդ բարեփոխումները կարող են համատեղվել ԱՊՀ անդամ պետությունների հետ տնտեսական համագործակցության հետ»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքում: