Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, որոշեց համաձայնություն տալ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության հետ տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը կնքելու առաջարկությանը: Հարցը ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արտգործնախարարությունը:

ՀՀ արտգործնախարարության ներկայացրած տեղեկանքում նշված է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից 1999թ. սկսած յուրաքանչյուր տարի տրամադրվում է անհատույց օգնություն ՀՀ կառավարությանը:

Վերջին տարիներին ՉԺՀ կառավարության կողմից տրամադրվող անհատույց օգնության ծավալներն աճել են: Համաձայնագրով նախատեսվում է ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 100 միլիոն ՉԺՀ յուանի անհատույց տեխնիկական օգնության տրամադրում: Այդ միջոցներով իրականացվող կոնկրետ ծրագրի բովանդակությունը լրացուցիչ համաձայնեցվելու է կողմերի միջեւ: