Մենք փոփոխություններ ենք տեսնում Հայաստանում, հարգում ենք բոլոր փոփոխությունները, մենք հասկանում ենք եւ չենք դրամատիզացնում իրավիճակը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ում նախագահող երկիր Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը՝ մեկնաբանելով Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու մտադրությունը:

«Ի դեպ, վաղը ես հանդիպելու եմ Հայաստանի ԱԳ նախարարի հետ, ինչը լավ նշան է, նա կգա եւ մենք կխոսենք... Իրավիճակը դրամատիկ չէ, հնարավոր է, հավակնությունները նվազ են, քան նախկինում, բայց այն ինչ արվել է 2008-ից եւ շարունակվել բոլոր այս տարիներին, չի կարող կորսվել, որովհետեւ դա ներդրում է, մեր ընդհանուր ժառանգությունն է»,-ասել է լիտվացի նախարարը, հաղորդում է DELFI-ն:

Լինկյավիչուսը նաեւ կոչ է արել համագործակցել Ադրբեջանի հետ, որը չունի եվրոպական հավակնություններ, «բայց կարեւոր խաղացող է այս տարածաշրջանում, հատկապես էներգետիկայի ոլորտում»:

Անդրադառնալով Ուկրաինայի խնդրին, նա նշել է, որ այստեղ առկա են բարդություններ եւ ճնշումներ դրսից: «Դա անթույլատրելի է եւ այդ մասին բազմիցս ենք ասել: Երկիրն իրավունք ունի վարել այնպիսի քաղաքականություն, որը ցանկանում է, ունենալ եվրոպական ձգտումներ եւ մենք հարգում ենք այդ ընտրությունը»,-ասել է Լինկյավիչուսը: