Մաքսային միությանն անդամակցումը, բնականաբար, Հայաստանի համար խնդիրներ է հարուցում Եվրամիության հետ հարաբերություններում: Թե ի՞նչ ընթացք կստանան ԵՄ հետ քաղաքական երկխոսությունները՝ դժվար է ասել, սակայն փորձենք գնահատել, թե ԵՄ-ն Հայաստանի վրա տնտեսական ճնշում գործադրելու ի՞նչ լծակներ ունի:

Դա պարզելու համար առաջին հերթին այցելեցինք Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնական կայք: Նշենք, որ կայքում վերջին նորությունը թվագրված է հուլիսի 29-ով՝ վերջին զարգացումների մասին ոչ մի խոսք: Ավելին՝ կա ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հուլիսի 25-ի հայտարարությունն այն մասին, որ Երեւանի հետ ավարտել են Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաեւ համաձայնության եկել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ:

Այնուամենայնիվ՝ ԵՄ-ի ազդեցության գործիքներից մեկը Ազգային ինդիկատիվ ծրագիրն է, որի բյուջեն 2011-13 թ.թ. համար կազմում է մոտ 157 մլն եվրո (ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքի): Բյուջեի մեծ մասը գուցեեւ ծախսված է, սակայն հաշվետվություն այս առումով չենք գտնում: Ընդհանրապես՝ նման ծրագրերն առավելապես հետաքրքրում են պաշտոնյաներին, քանի որ ներառում են բազմաթիվ գործուղումներ, վերապատրաստումներ, թարգմանություններ եւ այլն: Սակայն հարկ է նշել, որ ԵՄ-ն նաեւ մարդասիրական օգնություններ է իրականացնում, օրինակ՝ մոտ 150 հազ. եվրո է տրամադրել Արմավիր մարզում կարկուտից տուժածներին:

ԵՄ-ին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրաշրջանառության մոտ 30%-ը, ու այդ ծավալը ներկայում գերազանցում է ԱՊՀ երկրների հետ իրականացվող առեւտրի ծավալներին; Սակայն հարկ է նշել, որ այստեղ մեծ դեր ունեն ԵՄ երկրներ արտահանվող մետաղները, ու հազիվ թե ԵՄ-ն հրաժարվի հումքային ռեսուրսների ներկրումներից: Իսկ մեր պատրաստի արտադրանքի համար արտահանման հիմնական շուկան առայօր մնում է Ռուսաստանը: Ցավոք՝ հայ գործարարները դժվարությամբ են մուտք գործում եվրոպական շուկա:

Ներդրումների առումով եւս ԵՄ երկրները Հայաստանում, էական դերակատարում չունեն, բացառությամբ, թերեւս, Ֆրանսիայի: ԵՄ երկրներին բաժին է ընկնում Հայաստանում կատարվող ներդրումների մոտ 15%-ը:

Այսպիսով՝ ԵՄ-ն չունի Հայաստանի վրա տնտեսապես ներազդելու ուղղակի, հզոր գործիքներ, ինչպես ասենք Ռուսաստանը, որը էներգակիրներ է մատակարարում: Սակայն ԵՄ-ն կարող է ազդել անուղղակի միջոցներով, ասենք՝ միջազգային հեղինակավոր վարկանիշերում Հայաստանի ցուցանիշների վատթարացում կարող է տեղի ունենալ, սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանց փոփոխությունը ներդրողների դիրքորոշմա վրա էապես չի ազդում (կամ արդեն իսկ ազդում է բացասաբար): 

Ինչ վերաբերում է Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը, ապա այն լուրջ ազդեցություն կունենար Հայաստանի տնտեսության վրա միայն հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ մաքսային միության անդամ է, այսինքն՝ Հայաստանը ԵՄ-ի հետ ունի անմիջական առեւտրային սահման: Սակայն ադեն իսկ պարզ է, որ ԵՄ ի վիճակի չէ Թուրքիային ստիպել՝ բացել սահմանը: Իսկ առանց այդ սահմանը բացելու՝ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը տնտեսական լուրջ ակնկալիքներ չի պարունակում:

Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը