Եվրամիությունում շտապել են՝ հայտարարելով, թե Հայաստանը Մաքսային Միություն մտնելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ փակեց իր ճանապարհը դեպի ԵՄ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոանիսյանը։
«Սերժ Սարգսյանի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հայտարարությունը չէ։ Կարճ ասած՝ Սերժ Սարգսյանի ասածը «ասնավանի» չի»,- նշեց Իոանիսյանը:
Այս ուղերձը ԵՄ-ին ներկայացնելու համար այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Դեմ ենք Մաքսային միությանը» նախաձեռնության կազմակերպիչները մտադիր էին ակցիա անցկացնել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի մոտ։ Նախապես հայտարարված ակցիան, սակայն, չկայացավ, քանի որ ակցիայի մասնակիցների մեծ մասը գնացել էին հիվանդանոց, որտեղ նույն ժամին վիրահատում էին նախորդ գիշեր ծեծի ենթարկված Սուրեն Սաղաթելյանին։ «Ակցիան կանցկացվի մյուս շաբաթ, որի մասին նախօրոք կտեղեկացնենք».- ասաց Դանիել Իոանիսյանը:
Նա նշեց, որ իրենց ակցիան ուղղված է Սերժ Սարգսյանի որոշման դեմ. «Եթե Սերժ Սարգսյանն ազնիվ գտնվեր և ասեր, որ իր վրա ճնշում է գործադրվել, պայքարն այլ ուղղությամբ կընթանար»։
Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը «որևէ մեկի կարծիքը չհարցրած որոշում է». «Նախագահը անգամ իր թիմակիցների կարծիքը չի հարցրել։ Օրենքով պետք է լիներ խորհրդարանի որոշումը, կամ էլ պետք է գնանք Ուկրաինայի ճանապարհով` անցկացնենք հանրաքվե»:





























