Ազգային Ժողովի չորսօրյա նիստի ընթացքում, որը կմեկնարկի սեպտեմբերի 9-ին, պարզ կդառնա, երբ տեղի կունենան խորհրդարանական լսումները, որոնց ընթացքում ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ տեղեկություններ կտրամադրվեն: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտարարել է եվրոինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով ձեւաչափի հարցը կքննարկվի ԱԳՆ ներկայացուցիչների հետ. «Անպայման չէ, որ ԱԳՆ ներկայացուցիչները տեղեկություններ տրամադրեն  նիստի ընթացքում, դա կարելի է իրականացնել առանձին՝ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Արդեն երկուշաբթի ձեւաչափը հաստատված կլինի»:

Այն հարցին, թե արդյոք ԱԳՆ-ն ընդունել է պատգամավորների հրավերը, Զոհրաբյանը նշել է, որ տեխնիկական պատճառներով առայ-մ ԱԳՆ-ից պատասխան չկա, քանի որ ԱԳ նախարարը Հայաստանում չէր:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդում էր, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը՝ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ, սեպտեմբերի 5-ին  քննարկել էր Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի, ինչպես նաեւ Մաքսային միության շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար ԱԳՆ պատասխանատուներին հանձնաժողով հրավիրելու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է խորհրդարան հրավիրել ԱԳՆ պաշտոնյաներին՝ պատգամավորներին այդ երկու գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար:

Նշենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի բանակցությունների արդյունքում հայտարարվել էր, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը եւ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացին: