Եվրաինտեգրումը որեւէ կերպ չի կարող ստորադասվել ՀՀ այլ ինտեգրացիոն գործընթացներին: Այս մասին հայտարարություն է տարածել «Եվրոպական Ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Եվրոպական Ինտեգրացիա» Հասարակական կազմակերպությունը ՀՀ եվրաինտեգրման եւ ԱՊՀ տարածքում տնտեսական ինտեգրման գործընթացների առումով`
- համոզմունք է հայտնում, որ եվրաինտեգրումը որեւէ կերպ չի կարող ստորադասվել ՀՀ այլ ինտեգրացիոն գործընթացներին,
- ընկալելի եւ ընդունելի է համարում ՀՀ-ի կողմից վերջին շրջանում հռչակված եւ կիրառված «եւ-եւ» տարբերակը, ինչպես նաեւ տնտեսական ինտեգրման հարթությունում «արդյունավետության» թեզի կիրառումը`հաշվի առնելով, որ ՀՀ եվրաինտեգրման գործընթացի ներքո հանրության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվող եւ ակնկալվող լայնածավալ բարեփոխումները, երկրի ապագայի տեսլականը միարժեքորեն պետք է համադրվեն ՀՀ-ՌԴ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների, ՀԱՊԿ միասնական անվտանգության համակարգի ներքո երկկողմ եւ բազմակողմ խորը կապերի եւ զարգացող հարաբերությունների հետ,
- կարեւորում է, որպեսզի ՀՀ գործընկերները` ինչպես Մաքսային Միությունը (այսուհետ` ՄՄ), այնպես էլ ԵՄ-ն եւ նրա անդամ-երկրներն ընկալեն ՀՀ առանձնահատուկ վիճակը` «եւ-եւ» բանաձեւի մաքսիմալ կիրառմամբ` երբեւէ հարցականի տակ չդնելով դրա իրագործման հնարավորությունը,
- ընկալում է ՀՀ եւ ՌԴ նախագահների համատեղ հայտարարությունը (Մոսկվա, 3 սեպտեմբերի, 2013թ)` որպես «եւ-եւ» բանաձեւի ներքո իրականացված քայլ` ակնկալելով, որ տնտեսական ինտեգրման գործընթացները կզարգանան երկու ուղղությունների համադրման ճանապարհով եւ ընդունելի կլինեն ՀՀ-ի թե’ ԵՄ, թե’ ՄՄ գործընկերների կողմից,
- ողջունում է Եվրոպական հանձնաժողովի` «Հայաստան. վերջին զարգացումների շուրջ ԵՄ դիրքորոշումը» հուշագիրը /Armenia: EU position on the latest developments”, European Commission - MEMO/13/766 04/09/2013 / (Բրյուսել, 4 սեպտեմբերի, 2013), որտեղ մասնավորապես նշվում է. «Ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ ԱԱ/ԽՀԱԱՀ–ն բոլորի համար շահեկան բարեփոխումների նախագիծ է եւ ոչ թե զրոյական ելքով խաղ եւ կարող է համատեղվել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ», ինչպես նաեւ ԵՄ գործընկերների` փաստաթղթի տրամաբանությունից բխող հայտարարությունները,
- հույս է հայտնում, որ ԵՄ հանձնաժողովի այս դիրքորոշումը կմնա անփոփոխ` ԵՄ եւ ԱլԳ գործընկերների` Վիլնյուսում նախանշված գագաթաժողովում հասնելով իր տրամաբանական հանգրվանին. այն է` ՀՀ եւ ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ համաձայնագրի (այսուհետ` ԽՀԱԱՀ) կամ նրա նորացված տարբերակի նախաստորագրմանը,
- անընդունելի է համարում ՀՀ տարբեր պաշտոնյաների կողմից տարբեր մակարդակներով հնչեցրած այն հայտարարությունները, որոնք հակասում են ՀՀ տնտեսական ինտեգրման գործընթացների համադրման «եւ-եւ» սկզբունքին, դրա տրամաբանությանը եւ հոգեբանությանը` մասնավորապես.
- «Հայաստանը ցանկանում է շարունակել հնարավոր սերտ գործընկերությունը՝ որքանով որ ԵՄ-ի համար հնարավոր կլինի դա եւ որը չի հակասի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը»:
- «Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը (ԽՀԱԱՀ) անհամատեղելի է Մաքսային Միության անդամակցությանը» եւ այլ:
- ամրագրում է, որ տնտեսական ինտեգրման ուղղություններից մեկի ստորադասումը մյուսին անհեռատես, անհիմն քայլ է` լի բազում մարտահրավերներով:
Հաշվի առնելով վերը շարադրվածը` «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ-ն կոչ է անում
ՀՀ իշխանություններին.
- ամենաբարձր մակարդակով հանդես գալ միանշանակ հայտարարությամբ, որտեղ հստակորեն կշեշտադրվի ԵՄ գործընկերների հետ առկա պայմանավորվածություններին հավատարիմ մնալու եւ Վիլնյուսում ՀՀ-ԵՄ միջեւ Ասոցացման համաձայնագիրը ու ԽՀԱԱՀ (կամ նրա նորացված տարբերակը) նախաստորագրելու պատրաստակամությունը` առանց նշված փաստաթղթերի անհարկի եւ միակողմանի կրճատումների,
- հնարավորինս բարձր մակարդակով դիմել ԵՄ եւ ՄՄ գործընկերներին` առաջարկելով ստեղծել համատեղ հանձնաժողով, որը կուսումնասիրի ՄՄ-ին եւ ԵՄ ԽՀԱԱԳ-ին միաժամանակյա միանալու դեպքում երկու գործընթացների հնարավոր անհամատեղելիությունը` առաջարկներ ներկայացնելով դրանց հաղթահարման ուղղությամբ: Այդ առաջարկները կապահովեն ԵՄ ԽՀԱԱՀ-ի (կամ նրա նորացված տարբերակի) նախապատրաստումից ստորագրում անցումը, ինչպես նաեւ ՄՄ անդամակցման ընթացակարգը (նշված մեխանիզմը կարող է կիրառելի լինել նաեւ այլ գործընկերների համար):
ՀՀ գործընկերներից (ԵՄ, ՄՄ անդամներ) որեւէ մեկի անհամաձայնությունը նման առաջարկին կնշանակի ՀՀ նկատմամբ հարկադրանքի եւ շանտաժի քաղաքականության կիրառում,
- ներդնել ջանքեր` ուղղված հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության բոլոր փուլերում ՀՀ քաղաքական բոլոր ուժերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների կառուցողական ներգրավմանը` հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով,
- պետության եւ հանրության շահերին անմիջականորեն առնչվող հարցերում որոշումների կայացման գործընթացը դարձնել առավել մասնակցային, կանխատեսելի, ընկալելի եւ թափանցիկ,
- հանրությանը ներկայացնել տնտեսական ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից բխող (ՀՀ ապաշրջափակում, աբխազական երկաթուղու բացում, հայ-իրանական երկաթուղու կառուցում եւ գործարկում) քայլերի շրջանակում գործընկերներից (ԵՄ, ՄՄ) ստացված երաշխիքները:
ԵՄ ղեկավարությանը եւ անդամ երկրների կառավարություններին.
- սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ եռակողմ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունը եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
- ջանքեր ներդնել ՀՀ – ԵՄ ինտեգրման գործընթացների արդյունավետության ապահովման նպատակով հայ-թուրքական սահմանի բացման, ՀՀ-ի ապաշրջափակման ուղղությամբ:
ՄՄ գործընկերներին.
- սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ եռակողմ հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնությունը եւ արդյունավետ գործունեության ապահովումը,
- ջանքեր ներդնել ՀՀ-ՄՄ գործակցության արդյունավետությունը ապահովելու նպատակով աբխազական երկաթուղու բացման, հայ-իրանական երկաթգծի կառուցման եւ գործարկման, ՀՀ ապաշրջափակմանն ուղղությամբ:
ՀՀ եւ ԵՄ քաղաքացիական հասարակության ինստիտուտներին
- սատարել ՀՀ-ԵՄ-ՄՄ հանձնաժողովի ձեւավորմանը եւ արդյունավետ գործունեությանը»:





























