Եգիպտոսի զինծառայողներն արգելափակել են Գազայի հատվածից Սինայի թերակղզի բեռներ եւ ահաբեկիչներ տեղափոխող մաքսանենգների բոլոր ստորգետնյա թունելները: Վերջին վեց թունելները պայթեցվել են սեպտեմբերի 8-ին:
Ըստ դաշտային հրամանատար Ուսամա Ասկարի` այդ շրջանում «լիակատար վերահսկողություն սահմանված»: Թերակղզու հյուսիսում ահաբեկչական կայանների դեմ լայնածավալ գործողության ընթացքում կալանավորվել է 300 զինված ծայրահեղական, սպանվել 11 գրոհային: Սահմանային Շեյխ Զուվեյդ քաղաքի մզկիթներից մեկում հայտնաբերվել է զինապահեստ` զենիթա-հրթիռային համալիրներներով:
Եգիպտոսի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մուստաֆա Հիգազին «Ալ Հայագ» հեռուստաալիքի հարցազրույցում խոստովանել է, որ «իսլամիստների հրահրած ահաբեկչության նպատակն է խափանել Եգիպտոսում ժամանակակից ժողովրդավարական պետություն կառուցելու «ճանապարհային քարտեզի» իրագործումը », հայտնում է NEWSru.com-ը:
Նա նշել է, որ «Մահմեդական եղբայրների» կառավարման մեկ տարվա ընթացքում Գազայի հատվածից Սինայի թերակղզի ներթափանցած ահաբեկիչների թիվը հազարից աճել է մինչեւ 12 հազար մարդու:





























