Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի առաջին ահրաժեշտության  ապրանքներով ու սննդամթերքով ապահովվելու ուղղությամբ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը վերջին տարիներին որոշ քայլեր իրականացնում է, սակայն դրանք բավարար համարել չի կարելի: Մասնավորապես՝ կառավարության ջանքերով ավելացել են ոռոգվող գյուղատնտեսական տարածքները, իրականացվում է սերմնաբուծության, բարձր լեռնային արոտավայրերի ավելի արդյունավետ օգտագործման ծրագրեր:

Պատգամավորը նաեւ նշեց, որ գյուղնախարարության տվյալներով՝ 10 տարում կարելի է հասնել ցորենի 60-70%-ի ինքնաբավության: Սակայն նմանատիպ ծրագրերն իրականություն դարձնելու համար նախ եւ առաջ հարկավոր է Արարատյան դաշտի գերխոնավ հողերի ռեկուլտիվացիա իրականացնել, այս առումով ցանկացած ներդրում արդարացված է: