Օրեր առաջ մամուլը գրել էր, թե Լոռիի նախկին մարզպետ Արամ Քոչարյանը Մոսկվայի Սոկոլնիկիի մեծածախ շուկայում 5 բեռնակիրների «շեֆ» է աշխատում: NEWS.am-ին հաջողվեց Մոսկվայում նրա հետ կապ հաստատել: Ստորեւ ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը:

Պարոն Քոչարյան, ասում են Մոսկվայի Սոկոլնիկիի մեծածախ շուկայում 5 բեռնակիրների «շեֆն» եք:  Նստում եք մի փոքրիկ «բուդկայում» եւ ղեկավարում նրանց աշխատանքը:

Ինձ զանգել ասել են, որ նման տեղեկություն է  տարածվել, մտա նայեցի ու անակնկալի եկա: Լավ, սուտը, որ ասվում է, գոնե մի քիչ ճշմարտությանը մոտ պետք է լինի: Այդ ամբողջ գրածի միակ ճշմարտությունը այն է, որ ես Մոսկվայում եմ:

Շուկա էլ չեք գնացե՞լ եւ պատահաբար ծանոթի հանդիպել:

Ամոթ էլ է, ես ինչ կապ ունեմ շուկայի հետ: Բա ինձ վայե՞լ բան է շուկայում լինել կամ աշխատել: Նորմալ մարդու մտքով ո՞նց կարող է նման բան անցնել կամ նրա երեւակայության մեջ տեղավորվել:

Լավ, բա ինչո՞վ եք  զբաղվում Մոսկվայում:

Մոսկվայում գործող «Տաշիր» ընկերության կազմի մեջ կա «Սիթի մենեջմենթ» ընկերություն եւ ես դրա հիմնադիրն եմ: Այդ ընկերությունը զբաղվում է  Մոսկվայում Տաշիր ընկերության բնակֆոնդի կառավարման խնդիրներով: Այդ ընկերությունն ունի բարձր կարգի 4 մեծ շենքեր: Մի շենքը 650 բնակարան ունի եւ այդ իմ ասած  ընկերությունը զբաղվում է  տվյալ շենքերի կառավարմամբ: Ազգային խնդիրներում էլ եմ ինչ-որ չափով մասնակից լինում: Օրինակ,  Մոսկվայում  «Սեւ Գրքի» ռուսերեն տարբերակի շնորհանդեսն էր, որը իր մեջ ցեղասպանության մասին լուրջ նյութեր էր պարունակում:

Օտար ազգերի ներկայացուցիչները` քաղաքական գործիչներ, մտավորականներ եւ առհասարակ հայտնիները իրենց կարծիքն են հայտնում ցեղասպանության եւ թուրքերի մասին: Ինքս էլ որոշ չափով նպաստեցի, որ այդ շնորհանդեսը կայանա եւ որոշ երեւելի հայեր մասնակից լինեն: Փորձում ենք նաեւ վերահրատարակել եւ տպաքանակը ավելացնենք, որ Ռուսաստանի մտավորականություն ու քաղաքական գործիչները եւս ծանոթանան դրան:

Որքան հասկացա, Սամվել Կարապետյանի հետ եք աշխատում: Նրա հետ մո՞տ եք եղել: Նա՞ է ձեզ առաջարկել այդ աշխատանքը, թե ինքներդ եք նախաձեռնել:

Ես եմ նախաձեռնել: Դե գիտեք, որ նա լոռեցի է:Մենք համերկրացիներ ենք եւ լավ հարաբերություններ ենք ունեցել եւ ունենք: Առաջինը իր պապայի հետ եմ ընկերություն արել: Նույն բնագավառի աշխատողներ էինք: Ես կրթության վարչության պետն էի մարզի, իսկ Սամվելի հայրը Լեռնահովիտ գյուղի դպրոցի տնօրենն էր:

Ընտանիքո՞վ եք տեղափոխվել Մոսկվա, թե միայնակ: Հայաստանում ի՞նչն եք կարոտում:

Տղաս է Մոսկվայում: Կինս  փոքր թոռնիկիս հետ դեռ Հայաստանում է: Իսկ ես տղայիս եւ մեծ թոռնիկիս հետ՝ Մոսկվայում: Ավելի շատ Մոսկվայում տղայիս եմ օգնում: Մեր ընտանիքն իրարից  ժամանակավորապես մի քիչ հեռացել է, բայց դա ժամանակի խնդիր է: Ինչ վերաբերում է կարոտելուն, անկեղծ ասած հաճախ եմ գալիս Հայաստան: Կարելի է ասել չեմ կտրվում: Շատերին էլ խորհուրդ եմ տալիս, որ Հայաստանից չկտրվեն եւ կապը պահեն: Իսկ ովքեր փոքրիկ ունեն, առավելեւս խորհուրդ եմ տալիս հաճախ բերել Հայաստան: Կարելի է ասել, չեմ հասցնում կարոտել, քանի որ երկու ամիսը մեկ գալիս եմ: Կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ կարոտը երկու ամիսը մեկ ինձ Հայաստան է բերում:

Առանց քաղաքականության ինչպե՞ս եք դիմանում:

Չեմ ասի թե պատկերացնում էի, որ կհեռանամ քաղաքականությունից: Բայց մի քիչ հոգնածություն էլ կար: 35 -40 տարի մեծ ու փոքր  պետական կառույցներում էի աշխատում: Հիմա ավելի հանգիստ եմ:

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր այն պաշտոնյաներին, որոնք վախենում են կորցնել պաշտոնը եւ ամուր կառչել են դրանից:

Պետք է մտածեն, որ ամեն ինչ ժամանակավոր է: Ոչ մեկի ճակատին գրված չի, որ ինքը պետք է այդտեղ լինի երկար ժամանակ: Ցանկացած պահի, ցանկացած մարդու կարող են փոխարինել մեկ ուրիշով: Դրանից պետք չէ ողբերգություն սարքել: Ընդհակառակը կյանքը շարունակվում է: Միգուցե շատ ավելի հետաքրքիր բաներ կան, քան այն, ինչով մինչեւ այդ զբաղվում էինք:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ Արամ Քոչարյանը  2011 թ-ի օգոստոսի 12-ից իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Լոռիի մարզպետի պաշտոնից:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը