Եզնիկ Կողբացի փողոցի տներից մեկի բակում սեպտեմբերի 5-ի գիշերը ակտիվիստներ Սուրեն Սաղաթելյանի եւ Հայկակ Արշամյանի մարզական կազմվածքով 7-8 հոգու կողմից ծեծի ենթարկվելու դեպքի առթիվ դեռ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` դեպքի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ոստիկանությունից փոխանցել էին, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 37-ամյա Սուրեն Ս.-ն եւ հայտնել, որ Երեւանի Տեր-Գաբրիելյան եւ Ե. Կողբացի փողոցներում 6-7 հոգի հարձակվել եւ ծեծի են ենթարկել իրենց: Ժամը 23.20-ին էլ թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 42-ամյա Հայկակ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Ե. Կողբացու փողոցի թիվ 2 շենքի բակում: Ժամը 23.25-ին նույն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ բուժօգնության է տեղափոխվել Սուրեն Ս.-ն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:
Իսկ Հայկակ Արշամյանը պատմել էր. «Մարզված հաստավզեր էին: Նրանք կոնկրետ նպատակով գիտեին ինչի համար էին եկել: Ոստիկանությունը եւ շտապօգնությունը շատ շուտ արձագանքեցին մեր կանչին եւ եկան»: Նա նաեւ հավելել էր, որ այս գործողությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ իրենց պայքարին:





























