Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հապճեպ որոշում չի կայացրել՝ հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:
«Ես ներկա չեմ եղել որեւէ ճնշման, չեմ զգացել, որ որեւէ ճնշում կա մեր իշխանությունների նկատմամբ, եւ որեւէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը։ Դա ասել է նաեւ Հայաստանի նախագահը»,-ասել է խորհրդարանի խոսնակը:
Աբրահամյանի խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարելուց հետո մեկ այլ գործընթաց է սկսվում, որի ընթացքում երկու երկրների կառավարությունները համատեղ աշխատանք կիրականացնեն: Երբ պատրաստ լինի ամենայն մանրամասնությամբ համաձայնեցված համաձայնագիրը, այն կներկայացվի Ազգային ժողովին:
«Հայաստանն անկախ պետություն է, որն ինքնուրույն է ընտրում իր արտաքին քաղաքականությունը: Մաքսային միությանն անդամակցելը թե տնտեսական, թե քաղաքական առումով պետք է օգտակար լինի Հայաստանի համար: Առայժմ չգիտենք, թե ինչ շահ կունենանք Մաքսային միությանն անդամակցելուց, պետք է բանակցենք: Ես անձամբ կողմ եմ Մաքսային միությանն անդամակցելուն, քանի որ դա է թելադրում երկրի հետաքրքրությունը»,-ընդգծել է Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ միաժամանակ եթե նախապատրաստված փաստաթուղթը չբխի Հայաստանի շահերից, ապա չի ստորագրվի: Խոսքն առայժմ միայն նախնական համաձայնության մասին է:





























