Երեւանում, օգոստոսի 25-ին, ակտիվիստներին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում Միհրան Մարգարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գ. Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր եւ ընկերոջ` Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել իրենց` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ սեպտեմբերի 10-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Նախաքննության ընթացքում տուժող Միհրան Մարգարյանը հայտնել է, որ 2013 թ. օգոստոսի 25-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Երեւանի քաղաքապետարանի դիմացից Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ ցանկացել են գնալ տուն, սակայն հասնելով Գ. Լուսավորչի փողոց` «Արարատ» հյուրանոցի մոտ, իրենց են մոտեցել 7 անհայտ անձինք, անհիմն վիճաբանել` ասելով, թե նստացույցից եք գալիս, եւ ծեծի են ենթարկել իրենց:
Բաբկեն Տեր-Գրիգորյանը հայտնել է, որ օգոստոսի 25-ին, ժամը 01.15 սահմաններում, Երեւանի քաղաքապետարանի դիմացից Միհրան Մարգարյանի հետ ցանկացել են գնալ տուն, սակայն հասնելով Գ. Լուսավորչի փողոց` «Արարատ» հյուրանոցի մոտ, իրենց են մոտեցել 7 անհայտ անձինք, վիճաբանել իր եւ ընկերոջ հետ` ասելով, թե նստացույցից եք գալիս, եւ ծեծի են ենթարկել իրենց: Այդ ընթացքում իր գրպանից ընկել է «Այֆոն 4» բջջային հեռախոսը եւ ՀՀ կացության անձնագիրը, որը ծեծի ենթարկողներից մեկը գետնից վերցրել է:
Օգոստոսի 27-ին մի քաղաքացուհի՝ Կ. Կ.-ն, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացրել Բաբկեն Տեր-Գրիգորյանի անձնագիրը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, «Մայրաքաղաքային» գնդի հարեւանությամբ, թատրոնի աղբարկղերի մոտ, գտել է նշված անձնագիրը, իսկ դեպքի մասին որեւէ տեղեկություն չունի:
Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին մի քանի երիտասարդներ են մոտեցել եւ հարցրել՝ արդյոք մասնակցո՞ւմ են քաղաքապետարանի առջեւ կազմակերպված նստացույցին, իսկ դրական պատասխան լսելուց հետո, «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով, սկսել են ծեծել ակտիվիստներին:





























