Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին սեպտեմբերի 12-ին անձամբ խոսել է ֆրանսիական ուղղաթիռների մասին, որոնք Սահակաշվիլին արգելել է վաճառել: Ավելի վաղ նախագահի եւ վարչապետի թիմերը տարաձայնություններ են ունեցել այդ հարցի շուրջ:

Իվանիշվիլին սեպտեմբերի 12-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ անբարոյական է օգտագործել այնպիսի թանկարժեք ուղղաթիռներ, ինչպիսին է Super Puma-ն, երբ Վրաստանի բնակչության մեծ մասը աղքատության մեջ է ապրում:

«Այսօր մենք նման թանկարժեք ուղղաթիռների կարիք չունենք: Դա վատ չէ, եթե հնարավորություն ունես, սակայն մեր բյուջեին նայելիս եւ սոցիալապես անպաշտպան անձանց տեսնելիս պետք է հիշել, որ մեր բնակչության բացարձակ մեծամասնությունն աղքատության մեջ է ապրում: Նրա կողմից անբարոյական էր նման ճոխությունից օգտվելը»,-հայտարարել է Իվանիշվիլին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

Նա ընդգծել է, որ ավելի բանական կլիներ վերականգնել հին ուղղաթիռները: «Կարող ենք ընդամենը մի քանի միլիոնով, ոչ 60-80 միլիոնով, վերականգնել հին ուղղաթիռները...Դա շատ ավելի պարզ կլինի»,-հայտարարել է Իվանիշվիլին:

Հիշեցնենք, որ վրացական իշխանությունների երկու ճյուղերի միջեւ օրերս հերթական կոնֆլիկտն է բորբոքվել:Նախագահի վարչակազմը ՊՆ-ին մեղադրել է ֆրանսիական արտադրության երկու ուղղաթիռները վաճառելու նախապատրաստության եւ արեւմտյան արտադրանք հանդիսացող ռազմատեխնիկան ռուսական արտադրանքով փոխարինելու մտադրության մեջ:Հատուկ հրամանագրով Սահակաշվիլին արգելել է պաշտպանության նախարարությանը վաճառել թանկարժեք ուղղաթիռները:

Վրաստանում իշխանության երկու ճյուղերի միջեւ կռվախնձորն այս անգամ ֆրանսիական ուղղաթիռներն են

 Սեպտեմբերի 11-ին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ  նախագահը իրավունք չուներ նման իրավական ակտ հրապարակել՝ թույլ չտալով վաճառել Super Puma ուղղաթիռները: Դրանք հաշվառված չեն ՊՆ-ում, ուղղաթիռները տնօրինում է էկոնոմիկայի նախարարությունը: