Սիրիայի քիմիական զենքի պահուստները միջազգային կազմակերպություններին հանձնելու մասին համաձայնագիրը կսկսի գործել Դամասկոսի կողմից քիմիական զենքի օգտագործումն արգելելու մասին կոնվենցիայի ստորագրումից մեկ ամիս անց: Այս մասին ռուսական «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը:

«Իմ կարծիքով՝ համաձայնագիրը կգործի ստորագրումից մեկ ամիս անց, եւ Սիրիան կսկսի միջազգային կազմակերպություններին փոխանցել քիմիական զենքի պահուստների մասին տվյալները: Դրանք ստանդարտ գործընթացներ են, որոնք նախատեսված են, եւ մենք կառաջնորդվենք դրանցով»,-ասել է նա:

Միաժամանակ, Ասադը հայտնել է, որ սիրիական ընդդիմությունը իր զինանոցում թունավոր քիմիական նյութեր ունի, որոնք ստանում է, այդ թվում արտասահմանից:

Հիշեցնենք, որ նույն հարցազրույցում Ասադը տեղեկացրել էր, որ Սիրիան ՝ քիմիական զենքը հանձնելու մասին համաձայնագրի նախապատրաստման համար ՄԱԿ-ին փաստաթղթեր կուղարկի եւ կանի դա Ռուսաստանի նախաձեռնությամբ, ոչ թե ԱՄՆ սպառնալիքների պատճառով:

Ասադ. Սիրիան քիմիական զենքի վերահսկողությունը կհանձնի Ռուսաստանի շնորհիվ, այլ ոչ թե ԱՄՆ-ի սպառնալիքների