Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի գործունեության ժամկետը կերկարաձգվի 10 տարով՝ մինչեւ 2026 թ.: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Այս հայտարարությունը բավական հետաքրքիր էր այն կոնտեքստում, որ ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 13-ին օրակարգից հանեց ատոմակայանի գործունեության երկարացման մասին որոշումը, որը ենթադրում էր համագործակցություն ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ.-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ էներգաբլոկը 1989–1995թթ. ժամանակահատվածում  չի աշխատել, շահագործման ժամկետի ավարտը սահմանվել  է 2016թ. սեպտեմբեր:  ՀՀ կառավարությունը ցանկանում է այդ ժամկետը երկարաձգել 10 տարով՝ զուգահեռ իրականացնելուն նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներ: