Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով, Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծության համար ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծվել է աշխատանքները համակարգող հանձնաժողով:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրամանով ստեղծվել է նաեւ վերոհիշյալ մարզերում ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ժամկետանց ջրօգտագործման թույլտվությունների շուրջ  ստեղծված իրավիճակը եւ խորքային հորերի մոնիթորինգի ավտոմատ համակարգի ներդրման հնարավորությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ: Նախարարի հրամանի մեկ այլ կետով ձեւավորվել են աշխատանքային խմբեր, որոնք կազմակերպելու են Արարատի եւ Արմավիրի մարզերում ձկնաբուծական նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության օգտագործվող խորքային հորերի լուծարումը:

Հաստատվել է Հանձնաժողովի եւ աշխատանքային խմբերի աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

Նախարար Արամ Հարությունյանը վերոհիշյալ հրամանի կատարման հսկողությունը վերապահել է իրեն եւ Հանձնաժողովին հանձնարարել  յուրաքանչյուր երկուշաբթի ներկայացնել տեղեկատվություն աշխատանքների ընթացքի վերաբերյալ: