Բոլոր իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արեւելքում, վաղ թե ուշ, հասնում են Կովկասի սահմաններին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի «Մերձավոր Արեւելք-Կովկաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովը: Հեռուստակամուրջի թեման է «Մեծ Կովկասը սիրիական ճգնաժամի համատեքստում»:
Նրա համոզմամբ՝ Եգիպտոսը, Լիբիան, Իրաքը, Աֆղանստանը որպես պետություններ այսօր չկան, իսկ Թուրքիայում աշխարհաքաղաքական էրոզիա է տեղի ունենում, երկիրը գտնվում է փլուզման շեմին: «Այդ ամենը մոտենում է նախկին ԽՍՀՄ երկրների սահմաններին: Մենք տեսնում ենք որոշակի խնդիրներ եւ դրա հետ կապված Ռուսաստանն ակտիվանում է այդ ուղղությամբ:
Իրանը փորձում է ինչ-որ վերաբերմունք արտահայտել տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Թե ինչի կհանգեցնի այս ամենը, դժվար է ասել»,-նշել է Տարասովը:
Ի թիվս առկա խնդիրների, նա ընդգծել է Վրաստանի կողմից իր տարածքների կորուստը, Ղարաբաղի հարցը: «Դժվար է ասել, թե ում կողմից եւ որ ուղղությամբ կարվի վճռորոշ քայլը»,-կարծիք է հայտնել փորձագետը:





























