Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի եւ կանոնադրական մարմինների հերթական նիստը եւ, կարծում եմ, որ այդ նիստը հետաքրքիր է հենց ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրացման տեսանկյունից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում ասել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Այդ նիստում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաեւ ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծում: ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարեւոր նշանակություն:
Երկրորդ կարեւորագույն հարցը, որ այսօր առաջարկում եմ քննարկել վերաբերում է հոկտեմբերի 1-4-ը Երեւանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին: Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է վերլուծելու առկա խնդիրները եւ նաեւ նախանշել նոր ուղղություններ ռազմատնտեսական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում խորացնելու համար:
Եվ երրորդը` հոկտեմբերի 1-4-ը կայանալիք «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողության անցկացումն է Երեւանում, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է մեր երկրում: Այստեղ նույպես մենք պետք է քննարկենք ինչ խնդիրներ կա այդ միջոցառումը պատշաճ իրականացնելու համար»,-նշել է Բաղդասարյանը:
Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում իրականացված եւ առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցներով հանդես եկան համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Արձանագրվեց, որ բոլոր աշխատանքները կատարված են պատշաճ եւ ըստ ժամանակացույցի:





























