Միացյալ Թագավորության Համայնքների պալատի ներկայացուցիչներն այցելել են Գյումրի: Ջոն Ուիթինգդեյլն ու Սթիվեն Փաունդը հանդիպել են Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին եւ Բայրոնի դպրոցի աշակերտներին:

Պատգամավորները Հայաստան կատարած իրենց այցելության ընթացքում հատկապես ընդգծել են Հայաստանի հետ համագործակցելու Բրիտանիայի հետաքրքրությունն ու ցանկությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ին, Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամների պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բրիտանական պատվիրակությունը գլխավորում է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Ջոն Ութինգդեյլը:

Նալբանդյանը նշել է, որ խորհրդարանական դիվանագիտությունը կարեւոր լրացուցիչ խթան է հանդիսանում երկու երկրների միջեւ փոխըմբռնումը զարգացնելու եւ կապերն ամրապնդելու գործում։ Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում այս տարվա մայիսին իր կատարած այցը Միացյալ Թագավորություն եւ դրա շրջանակներում հանդիպումները բրիտանական խորհրդարանում։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ բրիտանացի խորհրդարանականները ընդգծել են, որ շարունակելու են ջանքերը՝ երկու երկրների միջեւ բարեկամական փոխհարաբերությունների հետագա ամրապնդման եւ ընդլայնման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցերի։ Հյուրերի խնդրանքով, նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրագործվող ջանքերը։