Եթե որեւէ երկիր չի համապատասխանում «Հազարամյակի մարտահրավեր»-ի որոշակի ցուցիչների՝ մի ամբողջ ցուցակ, 13 ցուցիչներ քաղաքական, տնտեսական եւ դատաիրավական ոլորտներում, այն իրավասու չէ անգամ հավակնել այս սահմանափակ օգնությանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ հավելելով, որ Հայաստանը հաջողության հասավ առաջին փուլում, բայց ներկայումս չի համապատասխանում կոռուկցիոն ոլորտին վերաբերող ցուցիչին:

«Այս ցուցիչը պետք է լինի այսպես կոչված՝ «կանաչ լույս»․ եթե այդպես չէ, երկիրը չի կարող հավակնել երկրորդ համաձայնագրին, անգամ առաջին համաձայնագրին: Հայաստանի դեպքում դա երկրորդ համաձայնագիրն է: Հայաստանում այդ ցուցիչն այժմ «կարմիր լույս» է, բայց այն շատ մոտ է այն մակարդակին, որը պահանջվում է «կանաչի» վերածվելու համար: Բայց այսօր փաստն այն է, որ հակակոռուպցիոն ցուցիչը Հայաստանի համար «կարմիր» դաշտում է»,-ասել է դեսպանը՝ հույս հայտնելով, որ շատ շուտով այդ բացը կշտկվի:

Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների կողմից բարեփոխումների իրականացումը բեմադրված ներկայացում է, Հեֆերնն արձագանքել է, որ ՀՀ իշխանությունների հռչակած քաղաքականությունը աստիճանական փոփոխություններն են՝ աստիճանական տրասնֆորմացիա: «Անկեղծ ասած՝ ես դա տեսնում եմ: Կարո՞ղ էր իշխանությունն ավելի համարձակ լինել: Այո, իհարկե: Բարեփոխումները կարող էին ավելի համարձակ լինել»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է արդարադատության ոլորտի թերություններին, դեսպանը նշել է. «Բարեփոխումների համար ամենակարեւորն այն է, որ բոլորին պետք է նույն կերպ վերաբերվել, հասարակ տղան էլ պետք է արդար վերաբերմունքի արժանանա դատարանում, «կարեւոր» տղան էլ պետք է հաշվետու լինի դատարանին։ «Կարեւոր» տղան չպետք է օրենքից դուրս լինի, օրենքը պետք է նրան էլ վերաբերի, ինչպես բոլորին է վերաբերում։ Ահա այստեղ է, որ մենք դեռ ուզում ենք շարունակել քաջալերել, առաջ մղել ավելի լավ կատարողականություն բարեփոխումներում»:

Անդրադառնալով օլիգարխներին ու նրանց կողմից մենաշնորհված ոլորտներին, Հեֆերնն ընդգծել է. «Դատական համակարգի մասին խոսելիս ես նշեցի հավասարության մասին, եւ սա հավասարապես վերաբերում է եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական ոլորտներին։ Հայաստանը բոլորովին վերջերս անցավ մի մեծ ընտրափուլի միջով, եւ ողջ ընտրությունների ընթացքում իմ ուղերձը եղել է հավասար պայմանների ապահովումը բոլոր կուսակցությունների, բոլոր թեկնածուների համար։ Եվ այս ոլորտներում որոշ առաջընթաց կա, սակայն ակնհայտորեն դեռ բարեփոխումների կարիք կա քաղաքական ասպարեզում։ Նույնը վերաբերում է տնտեսությանը. պետք է հավասար պայմաններ լինեն տեղական եւ արտասահմանցի ներդրողների համար, փոքր եւ միջին բիզնեսի, նաեւ մեծ խաղացողների համար»:

Նրա խոսքով՝ Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը զուգընթաց ավելի շատ ամերիկացիներ այստեղ ներդրումներ կանեն: «Հայաստանում ամերիկյան ներդրումների մեծ ներուժ կա եւ երբ Հայաստանը բարելավի գործարար միջավայրը եւ արդարադատության համակարգը, կարծում եմ, որ այդ ներդրումները կավելանան:

Օրինակի, եթե վերցնենք Հայաստանի հարկային եկամուտները, կտեսնենք, որ անցած մի քանի տարիներին հարկային եկամուտների աճը հիմնականում բաժին է ընկել փոքր եւ միջին ձեռնարկություններին: Այսինքն՝ փոքր եւ միջին ձեռնարկություններից հարկերի գանձումը ավելի շատ է եղել, քան մեծ ընկերություններից: Դա ճիշտ չէ: Հայաստանը պետք է բարելավի հարկերի հավաքագրումը, ԱՄՀ-ը դրա հետ կապված պահանջներ ունի: Բայց հարկերի հավաքագրումը պետք է արդարացիորեն արվի, արդարացիորեն բաշխվի մեծ եւ փոքր ու միջին ձեռնարկությունների միջեւ»,-ընդգծել է Հեֆերնը:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ազատություն» ռադիոկայանի կայքում