ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը «Քաղաքացիական համագործակցության եւ զարգացման հիմնադրամ» հասարակական կազմակերպության հետ միասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մեկնարկել են Ժողովրդավարության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:

ՄԱԿ ՀՏՎ-ն աջակցել է քաղաքացիական հասարակության այս նախաձեռնությունը՝ քննարկելու մասնավոր հատվածի դերը հասարակության ժողովրդավար զարգացման մեջ եւ համագործակցությունը մասնավոր ու հանրային հատվածների միջեւ: Երիտասարդներ, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավոր եւ հանրային հատվածի մոտ 15 կազմակերպություններ հավաքվեցին կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու, թե ինչ երկկողմանի օգուտ կարող է տալ այս համագործակցությունը:

Ժողովրդավարության օրվա այս տարվա թեման է «Ամրապնդելով ժողովրդավարության ձայները»: Այն նպատակ ունի ուշադրությունը ուղղել այսօրվա քաղաքական, տնտեսական, սոցիալական, զարգացման, բնապահպանական եւ տեխնոլոգիական բանավեճերում մարդկանց ձայների կարեւորության վրա:

«Ընդգրկուն մասնակցությունը նախապատրաստում է համայնքներին, հասարակություններին եւ երկրներին, ընդհանրապես, անդրադառնալու ընդդիմադիր կարծիքներին, փնտրել փոխզիջումներ եւ լուծումներ, ներգրավվել կառուցողական քննարկումների մեջ: Ընդգրկուն մասնակցությունը օգնում է համայքներում զարգացնել ժողովրդավության գործող տարբերակներ կառավարության, կորպորացիաների եւ քաղաքացիական հասարակության համար»,- ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ Բան Կի-մունը:

Մարիա Դոցենկոն, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը նշել է. «Ժողովրդավարությունը համաշխարհային արժեք է՝ հիմնված մարդկանց ազատորեն արտահայտվող կամքի վրա՝ որոշելու սեփական քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային համակարգերը, ինչպես նաեւ մասնակցություն ունենալու կյանքի բոլոր ոլորտներում: Մասնավոր եւ հանրային հատվածների միջեւ հաջող համագործակցությունը կարեւոր բաղադրիչ է ապահովելու ժողովրդավարությունն ու կայուն զարգացումը, ինչպես՛ Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:»

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը A/62/7 (2007) բանաձեւով խրախուսեց աշխարհի կառավարություններին ամրապնդել ժողովրդավարության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված ազգային ծրագրերը, եւ որոշեց ամեն տարի սեպտեմբերի 15-ը նշել որպես Ժողովրդավարության միջազգային օր: