Սիրիական ճգնաժամն ունի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային բաղադրիչներ, որոնք, բնականաբար,  բավական սերտ են փոխկապակցված: Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 18-ին հայտարարել է միջազգային հարցերով փորձագետ, արեւելագետ, պրոֆեսոր, Ավստրիայում եւ Հունգարիայում Վրաստանի նախկին դեսպան  Կոտե Ժգենտինը՝  «Մեծ Կովկասը սիրիական ճգնաժամի համատեքստում» թեմայով Երեւեան-Մոսկվա-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ:

«Թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հարավային Կովկասում, կախված կլինի Սիրիայում իրադարձությունների զարգացումից: Սիրիայի հարցով  Ռուսաստանի նախաձեռնության հրապարկումից եւ դրան ամերիկացիների արձագանքելուց հետո հարցն այլ կերպ է դրված. կաշխատի՞ արդյոք այդ նախաձեռնությունը, թե՞ ոչ», - նշել է Կոտե Ժգենտինը՝ հավելելով, որ կարծիք կա, թե ռուս-ամերիկյան համաձայնագրի ինչ-որ մասը կկատարվի, եւ դա, ամեն դեպքում,  կհանգեցնի նրան, որ ամերիկացիները չեն հարվածի Սիրիային:  Ըստ փորձագետի համոզման՝ դա նշանակում է, որ սիրիական հակամարտությունը  չի խորանա:

«Եթե խոսենք կարճաժամկետ ծրագրերի մասին, ապա չեմ կարծում, որ սպառվել են սիրիական ճգնաժամի լուծման  քաղաքական եւ դիվանագիտական հնարավորությունները: Այդ համատեքստում իրադարձությունների զարգացման դեպքում՝ դա մեծ ազդեցություն կունենա Հարավային Կովկասի վրա», - ընդգծել է Կոտե Ժգենտինը: Նա հավելել է, որ նույնիսկ եթե ամերիկացիները վճռեն ռազմական գործողության դիմել, դա վճռորոշ ազդեցություն չի ունենա Հարավային Կովկասի իրադրության վրա, սակայն երկարաժամկետի դեպքում, իհարկե, ազդեցությունը զգալի կլինի: