Հայաստանին հետաքրքրում է Բելառուսում իրականացվող ուսուցման մեթոդիկան, ինչպես նաեւ նոր ծրագրերի ներդրումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Մինսկում Բելառուսի ԿԳ նախարար Սերգեյ Մասկեւիչի հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԿԳՆ պատվիրակությունը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 16-18-ին, աշխատանքային այցով գտնվում է Բելառուսում: Պատվիրակության կազմում են` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լ. Թավադյանը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի վարչության պետ Տ. Սահակյանը:

Այցի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ Բելառուսի ԿԳ նախարար Սերգեյ Մասկեւիչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների բուհերի համագործակցության, հանրակրթական փոխանակման ծրագրերի եւ դրանց իրականացման, ինչպես նաեւ կրթության միջազգայնացման, համատեղ գիտական գործունեության հարցեր:

Արմեն Աշոտյանը, մատնանշելով տարբեր օլիմպիադաներում բելառուս աշակերտների ցուցաբերած բարձր արդյունքները, նշել է. «Նախատեսվում է, որ մի քանի տարի հետո Հայաստանի ԿԳ նախարարությունը կառաջարկի հանրակրթության նոր հայեցակարգ եւ այդ ոլորտում Բելառուսի փորձը չափազանց օգտակար է մեզ համար»:

Սերգեյ Մասկեւիչն իր հերթին նշել է, որ երկու երկրների համագործակցությունն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Վերջինիս խոսքով`  այս պահին գործում է 16 միջբուհական  համաձայնագիր: Մասկեւիչը նշել է նաեւ, որ Բոլոնիայի գործընթացի մասնակից Հայաստանի փորձը օգտակար կլինի ոչ միայն գերատեսչության ղեկավարության, այլեւ բուհերի ղեկավարության համար:

Նախարարների հանդիպումից հետո կայացել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածություններին, մասնավորապես, նշվել է, որ երկու երկրները հայտարարում են մրցույթ` բուհական լավագույն նախագծի համար, որին մասնակցելու համար բուհերը պետք է համապատասխան հայտ ներկայացնեն մինչեւ հոկտեմբերի 25-ը: Նախարարները տեղեկացրել են նաեւ, որ հանդիպման ընթացքում քննարվել է նաեւ կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությունը: Ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանը լրագրողներին է ներկայացրել Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի վերջին զարգացումները եւ գերակայությունները

Այցի ընթացքում Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի պետական համալսարան եւ դասախոսություն կարդացել բուհի իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար:

Պատվիրակությունն այցելել է նաեւ Նեսվիժ քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն, ինչպես նաեւ ծանոթացել Նեսվիժի գիմնազիայի աշխատանքներին: