Հայաստանը մեծապես կարեւորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների հետագա զարգացումը տարբեր ուղղություններով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Երեւանում, Միացյալ Թագավորության Համայնքների պալատի բրիտանահայկական միջխորհրդարանական համակուսակցական խմբի փոխնախագահ Ջոն Ուիթինգդեյլին եւ Սթիվեն Փաունդի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը եւ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի ղեկավար Կարեն Ճշմարիտյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը կարեւորել է ոչ միայն երկկողմ, այլ նաեւ բազմակողմ ձեւաչափերով: Երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում բարձր գնահատելով Միացյալ Թագավորության խորհրդարանի բրիտանահայկական խմբի գործունեությունը` նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրականացումը:
ԱԺ նախագահը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները: Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հայ-թուրքական հարաբերություններին ` կարեւորելով արտերկրում, միջազգային կառույցներում դրանց վերաբերյալ օբյեկտիվ կարծիք ձեւավորելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների այցը Արցախ: Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը անդրադառնալով` ԱԺ նախագահը նշել է, որ այն բխում է մեր երկրի շահերից եւ հավելել, որ այդ որոշումը ամենեւին չի նշանակում Եվրոպական միության հետ քաղաքական երկխոսության դադարեցում կամ թուլացում:
Ջոն Ուիթինգդեյլն իր հերթին վերահաստատել է իրենց պատրաստակամությունը նպաստել երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ զարգացմանը, միջպետական հարաբերությունների խորացմանը: Նրա խոսքով` Եվրոպան, եւ մասնավորապես Միացյալ Թագավորությունը շահագրգիռ են զարգացնել եւ խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ: Բրիտանացի պատգամավորների համոզմամբ` Հայաստան-ԵՄ հարաբերությունների հիմքը լավ է դրված:





























