Եվրամիության ղեկավարությունը պատրաստ է միջամտել Ռուսաստանի եւ նախկին խորհրդային երկրների միջեւ առեւտրային պատերազմներին: Առաջին քայլը կարող է դառնալ Բրյուսելի կողմից մոլդովական գինու քվոտայի ավելացումը՝ ռուսական շուկայի փակման հետեւանքով Քիշնեւի կրած եւ հետագայում սպասվող վնասները փոխհատուցելու համար: Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ բարիդրացիական հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Կոմերսանտ-Ուկրաինա»-ի հետ զրույցում:

Ռուսաստանի կողմից այդ երկրի գինու նկատմամբ բեռնարգելքի սահմանումից հետոԵՄ-ն հաստատել էր Մոլդովայից գինի եւ այլ արտադրանքներ ներկրելու պատրաստակամությունը, նաեւ խոստացել էր քննարկել  ԵՄ-ում մոլդեվական արտահանման քվոտաների ավելացման հնարավորությունը: Իր հարցազրույցում Շտեֆան Ֆյուլեն հաստատել է, որ Բրյուսելն արդեն նախաձեռնել է մոլդովական գինու ներկրման քվոտայի ավելացումը:

Եվրահանձնաժողովը համանման քայլեր կարող է ձեռնարկել Ուկրաինայի նկատմամբ: «Եթե մեր գործընկերները ինչ-որ կողմից ճնշումների են ենթարկվում, այդ թվում՝ Ռուսաստանի, եւ եթե դա կապ ունի ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրելու կամ նախաստորագրելու հետ, Եվրամիությունը պետք է նրանց կորուստները փոխհատուցելու հնարավորություն գտնի»,- ասել է Ֆյուլեն:

Նա ընդգծել է, որ «Եվրասիական միության նախագիծը պետք է հարգի մեր գործընկերների ինքնիշխան որոշումները»: «Ռուսաստանի կողմից ցանկացած սպառնալիք՝ կապված ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելու հետ, անընդունելի է: Սա վերաբերում է ճնշման տարբեր ձեւերին, ներառյալ՝ էներգակիրների գների ավելացումը, առեւտրային խոչընդոտներ ստեղծելը, նաեւ՝ բարդացված մաքսային ընթացակարգերը, ռազմական համագործակցությունը, անվտանգության երաշխավորումը եւ ձգձգված հակամարտությունների հարցում օգնությունը», -  ասել է Ֆյուլեն եւ հավելել, որ նշված գործողությունները խախտում են Եվրոպայի բոլոր երկրների կողմից ընդունված սկզբունքները:

Ֆյուլեի հարցազրույցը նվիրված էր ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապատրաստական փուլի ավարտին: Սեպտեմբերի 18-ին այդ փաստաթղթին հավանություն էր տվել Ուկրաինայի կառավարությունը:

Ուկրաինայի կառավարությունը հաստատել է ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի նախագիծը