Սեպտեմբերի 18-ին մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունն Իտալիա։ Նույն օրը տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հանդիպումը։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհակալություն հայտնելով իր իտալացի գործընկերոջը Հռոմ այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսեւորումներով եւ բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման եւ խորացման համար:
Նախարար Բոնինոն, ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Հռոմ, ասել է, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ եւ պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Նախարարներ Նալբանդյանն ու Բոնինոն բովանդակալից զրույց են ունեցել տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների վերաբերյալ։
Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարությունների ղեկավարները շեշտել են բարձրաստիճան փոխայցելությունների, քաղաքական երկխոսության խթանման կարեւորությունը, ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման կարեւորությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ եւ տնտեսական կապերի աշխուժացման միտում: Երկուստեք կարեւորվեց գործարար համաժողովների կազմակերպումը։ Քննարկվեց 2015 թ.-ին Միլանում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Էմմա Բոնինոն անդրադարձել ենՀայաստանի եւ Իտալիայի միջեւ միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, կրթական եւ գիտական բնագավառներում հաստատված համագործակցությանը։
Բանակցությունների ընթացքում քննարկվեցին նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները, Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում փոխգործակցությունը։
Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում մտքեր են փոխանակվել ԵԽ օրակարգային հարցերի շուրջ։
Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Հայաստանի եւ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել սիրիական ճգնաժամի հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ։
Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-իտալական համագործակցությանը, անցյալ տարի Երեւանում պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրված համապատասխան համաձայնագրից բխող պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Իտալիայի պաշտպանության նախարարը վերահաստատել է իտալական ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաներին վերապատրաստելու իտալական կողմի պատրաստակամությունը։
Բանակցությունների օրակարգում էր նաեւ միջազգային խաղաղապահ գործողություններում հայ-իտալական հնարավոր համագործակցությունը։





























