Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը սեպտեմբերի 19-ին հոդված է հրապարակել, որով պատասխանել է The New York Times թերթում Վլադիմիր Պուտինի՝ ամերիկացիներին ուղղված կոչին: «Ռուսները Պուտինից լավին են արժանի» վերնագրով հոդվածը հայտնվել է Pravda.ru կայքում:

Pravda.ru-ի խմբագիր Դմիտրի Սուդակովը Մաքքեյնին զգուշացրել է, որ նրան Ռուսաստանում «հակառուսական» քաղաքական գործիչ են համարում: Այդ առիթով  Մաքքեյնը հայտարարել է, որ ոչ թե «հակառուսական»,  այլ  «ռուսամետ է, ավելի ռուսամետ, քան այսօր երկիրը վատ կառավարող ռեժիմը»:

Սենատորն ընդգծել է, որ իր կարծիքով ռուսներն արժանի են «կյանքը բարելավելու հնարավորության՝ ապրելով այնպիսի երկրում, որտեղ տնտեսությունը բարգավաճում եւ բարեկեցություն է ստեղծում շատերի համար, ոչ թե իշխանավորների խմբի... Իրավական պետությունում, որտեղ օրենքները հստակ, արդար են եւ կիրառվում են հետեւողական եւ անկողմնակալ»:

Մաքքեյնը հիշեցրել է, որ Ռուսաստանի իշխանությունները «պատժում են անհամաձայնության համար եւ կալանավորում ընդդիմադիրներին», «կեղծում են ընտրությունները», «վերահսկում են լրատվամիջոցները», «խրախուսում են դատարաններում եւ տնտեսության մեջ կոռուպցիայի բարգավաճումը, ահաբեկում, անգամ սպանում են իրենց կոռումպացվածությունը մերկացնել փորձող լրագրողներին»:

Անշուշտ, չի մոռանում նշել Մաքքեյնը, Պուտինի գլխավոր նպատակը «ինչպես հայրենակիցների աչքին, այնպես էլ միջազգային ասպարեզում Ռուսաստանի մեծությունը վերականգնելն է»: Բայց միաժամանակ քաղաքական գործչին կասկածելի է թվում  այն մոտեցումը, որով ռուսաստանցի առաջնորդը ցանկանում է հասնել նպատակին: Սենատորը, մասնավորապես, կարծում է, որ տնտեսության բարգավաճումը, որը «ամբողջությամբ հիմնված է մի քանի բնական ռեսուրսների վրա», երկար չի տեւի:

Ինչ վերաբերում  է Ռուսաստանի քաղաքական համակարգին, կոնգրեսականը վստահ է, որ այն «պահպանվում է կոռուպցիայով եւ բռնություններով եւ բավական ուժեղ չէ անհամաձայնություն հանդուրժելու համար»:

Ամփոփելով՝ Մաքքեյնը խոստովանում է, որ երկրի ներկա վիճակի պատճառը Պուտինի անվստահություն է քաղաքացիների՝ «ոտքի կանգնելու եւ արդար ու բարգավաճող հասարակություն ստեղծելու» ունակությունների նկատմամբ:

Հոդվածագիրը, հակառակը, հավատում է «ռուս մարդկանց մեծությանը, որոնք տառապել եւ պայքարել են ահավոր փորձությունների դեմ՝ սեփական ժողովրդի փրկության համար»:

«Ես ձեր կառավարությանն եմ քննադատում, քանի որ հավատում եմ՝ արժանիք եք կառավարության, որը հավատում է եւ հաշվետու է ձեզ: Հուսով եմ տեսնել այն օրը, երբ դա իրականություն կդառնա», - գրում է Մաքքեյնը: