Լվովում տոնական միջոցառումներ են տեղի ունեցել՝ կապված հայկական տաճարի 650-ամյակի հետ: Միջոցառումները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-15-ին:

Միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել «Հայկական փողոցի տոն», ֆիլմերի ցուցադրություն, համերգ, գեղարվեստական ներկայացումներ եւ այլն: «Հայկական փողոցի տոնի» ժամանակ ընտրել են պատվավոր բնակչին,որը հայկական ծագմամբ լեհ սենատոր Լուկաշ Աբգարովիչն է: Լեհ սենատորը պարգեւատրվել է նաեւ հայրենասիրության եւ իր լվովյան նախնիների մասին հիշատակը պահելու համար:

Տոնական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նաեւ հայ աշխարհահռչակ երաժիշտ եւ կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի համերգը: Համերգն անցկացվել է Ուկրաինայի հայերի աջակցությամբ, փոխանցում է AnalitikaUA.net-ը:

Տեղի է ունեցել տոնական պատարագ եւ «Գողգոթա» ռեստավրացված խորանի օծումը: Տոնական աղոթքը հնչեցրել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: Տոնակատարություններին ներկա են եղել նաեւ աշխարհի տարբեր երկրներում հայ հոգեւորականության ներկայացուցիչները: