Ուկրաինայի ԱԳՆ-ն իր բանավոր բողոքն է հայտնել Ուկրաինայում ՌԴ դեսանատան խորհրդականին:
Այսպիսին էր Ուկրաինայի ԱԳՆ արձագանքը Ռուսաստանի ԱԳՆ-ի ԱՊՀ առաջին դեպարտամենտի բաժնի պետ Իլյա Ռուբցովի հայտարարություններին, որը «մակաբուծություն» է անվանել Ուկրաինայի ցանկությունը՝ միանալ Մաքսային միության միայն այն կետերին, որոնք հարմար են այդ երկրին:
«Ուկրաինայի ԱԳՆ-ում հիասթափված են Ռուսաստանի ներկայացուցիչների ոչ կոմպետենտ հայտարարություններից՝ կապված երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարների հետ»,-հայտարարել են գերատեսչության մամուլի ծառայությունում: Տվյալ պահին ուկրաինական կողմը ակնկալում է ռուսական կողմի արձագանքը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:
Ուկրաինայի ԱԳՆ հրավիրված ռուս դիվանագետը հայտարարել է, որ «շարքային աշխատակցի հայտարարությունները պաշտոնական բնույթի չեն» եւ հաստատել է, որ վերջինս դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ «դիվանագիտական լեզվից»: Ուկրաինան եւս մեկ անգամ հայտարարել է, որ երկրի համար կարեւոր որոշումներ կայացնելիս միշտ առաջնորդվելու է բացառապես իր շահերով:
Հիշեցնենք, որ Ուկրաինան հաստատել է ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրության նախագիծը:





























