North Jersey.com կայքէջում տեղադրված Էլիզաբեթ Լյորենտեի հոդվածը ներկայացնում է ԱՄՆ հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների վերաբերմունքը վերջերս ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձեւի մասին։
«Իմ տատիկը միշտ սեւ էր հագնում ցեղասպանության պատճառով։ Հորաքույրս իմացել է, որ թուրքերը գալիս են այն ուղղությամբ, որտեղ ինքն է եւ ինքնասպան է եղել։ Իսկ թե ի՞նչ եմ մտածում ես հետագա զարգացումների մասին. Կարծում եմ, Օբաման կասի „ոչ“»,- ասել է Ագնես Ղազանչյանը։
Պերճ Գուլեյանն էլ ասել է, որ «իր բոլոր նախնիները խորապես ցնցված են հայերի կոտորածներից։ Մենք պետք է լինենք այն մարդկանց ձայնը, ովքեր արդեն չեն կարող խոսել։ Եթե ԱՄՆ-ը Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցածը չընդունի որպես ցեղասպանություն, ապա կկորցնի իր հանդեպ հարգանքը»։
Հեղինակը հիշեցնում է, որ թուրքերը շարունակում են պնդել, թե ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, իսկ սպանությունները Առաջին համաշխարհային պատերազմի արդյունք են։
Լյորենտեն մեջբերում է Ամերիկայի թուրքերի ասոցիացիաների դաշնության նախկին փոխնախագահ Ֆարուկ Ասարի խոսքերը. «Բանաձեւը քաղաքական երանգավորում ունեցող ծիծաղելի բան է։ Թուրք ժողովուրդը հպարտանում է իր պատմությամբ»։
Հեղինակը մեջբերում է նաեւ կոնգրեսական Բոբ Մենենդեսի խոսքերը, ով ասել է, որ «պետք է բացառել եւս մեկ Հոլոքոստ, եւս մեկ Հայոց ցեղասպանություն եւ եւս մեկ Դարֆուրի ցեղասպանություն»։



























