Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, շնորհավորական հեռագիր է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին՝ Հանրապետության օրվա առթիվ:

Հեռագրում ասված է.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Հանրապետության օրվա կապակցությամբ:

Ծանր փորձություններով լի այս տարիների ընթացքում Հարավային Օսիայի Հանրապետությունն աշխարհին ցույց է տվել ազատ ապրելու իր վճռականությունը` ապացուցելով, որ հաջողությամբ է հաղթահարում դինամիկ զարգացող անկախ պետություն կառուցելու ճանապարհին բոլոր դժվարությունները:

Վստահ եմ, որ բարեկամության եւ սերտ համագործակցության հարաբերություններն այսուհետ էլ կնախանշեն հետագա փոխգործակցությունը մեր երկրների եւ ժողովուրդների միջեւ:

Մեկ անգամ եւս ընդունեք իմ սրտագին շնորհավորանքներն ազգային տոնի առթիվ: Խաղաղություն եւ բարգավաճում եմ մաղթում եղբայրական Հարավային Օսիայի Հանրապետությանը, Ձեզ՝ հաջողություններ անկախ պետականության հետագա զարգացման եւ ամրապնդման ճանապարհին»: