Մաքսային միության անդամակցումը, հնարավոր է՝ որոշ խնդիրներ առաջացնի Հայաստանի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության միջեւ:

Նշենք, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է դարձել 2003 թ.՝ հայտը ներկայացնելուց 10 տարի անց: Ռուսաստանն անդամակցեց 2012 թ., իսկ Ղազախստանն ու Բելառուսը ԱՀԿ անդամներ չեն: Հատկանշական է, որ Ղազախստանը ԱՀԿ անդամության դիմումը ներկայացրել է 17 տարի առաջ, սակայն գործընթացը ձգձգվում է՝ բարձր տարիֆների կիրառման պատճառով: Նույն պատճառով 19 տարի տեւեց Ռուսաստանի անդամության քննարկումը, ու Ռուսաստանի ու ԱՀԿ-ի վեճերը դեռ ավարտված չեն:

Հայաստանին հաջողվեց ավելի արագ անդամակցել ԱՀԿ-ին այն պատճառով, որ համաձայնեց կիրառել ցածր մաքսային տարիֆներ, մեր մաքսատուրքերը հիմա կազմում են 0% կամ 10%: Այլ խոսքով՝ հրաժարվեցինք մաքսային տարիֆներն օգտագործել պրոտեկցիոնիստական (հովանավորչական) նպատակներով, ինչը կարեւորվում է ԱՀԿ-ի կողմից:

Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանն արմատապես փոխելու է տարիֆային քաղաքականությունը՝ դրանք Մաքսային միությունում հասնում են մինչեւ 25 %-ի եւ ավելի, ու որոշակիորեն օգտագործվում են ներքին շուկայի պաշտպանության (պրոտեկցիոնիստական) նպատակով: Օրինակ՝ ԱՀԿ-ն խիստ դժգոհ է նրանից, որ ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ մաքսատուրքը ԱՀԿ-ում 25% է ու Ռուսաստանից ու Ղազախստանից պահանջում է վերանայել այդ դրույքը:

Պատահական չէ, որ ՀՀ կառավարության ստեղծած 7 աշխատանքային խմբերից մեկը հատուկ զբաղվելու է ԱՀԿ-ի հետ առաջացող խնդիրների քննարկմամբ:

Հարկ է նշել, որ բարձր տարիֆներ կիրառում են նաեւ ԱՀԿ այլ երկրներ: Օրինակ՝ հարեւան Թուրքիայում մաքսատուրքերը կարող են հասնել 100%-ի, հատկապես գյուղմթերքների մասով: Ուստի ԱՀԿ-ում Հայաստանի համար ֆորսմաժորային իրավիճակներ չեն ստեղծվի: Սակայն, ամենայն հավանականությամբ, ԱՀԿ անդամ եվրոպական երկրների հետ Հայաստանը կներքաշվի տնտեսական վեճերի մեջ՝ իր համար ոչ բարենպաստ հեռանկարով:

Պատրաստեց՝ Սամվել Ավագյան