«Լեռնային Ղարաբաղին բանակցային կողմ չդարձնելու վերաբերյալ միջնորդների առաջարկները համարում եմ ոչ համակարգային եւ իրավիճակային մոտեցում»,- մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի տեսակետը, ըստ որի՝ ԼՂ-ն կարող է միանալ բանակցություններին միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցիները վերադառնան Ղարաբաղ:

NEWS.am-ի թղթակից դիտարկմանը, թե օրերս անգամ իշխող ՀՀԿ խմբակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն է խոստովանել, որ Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, եւ այդ պարագայում ինչպե՞ս է ՀՅԴ պատգամավորը գնահատում, որ իրենք ժամանակին պաշտպանել են մի նախագահի, որի «շնորհիվ» Ղարաբաղ դուրս է մնացել բանակցային գործընթացից, Արծվիկ Մինասյանն արձագանքեց.

«Ղարաբաղը դուրս չի մնացել բանակցային գործընթացից այն մակարդակով, երբ խոսք է գնացել ԼՂ-ի իրավունքների եւ միջազգային իրավունքների շրջանակում նրա պաշտպանության մասին: Խոսք եղել է ԼՂ խնդիրը ներկայացնելու իրավասության մասին, ինչը, այո, նախագահ Ռ. Քոչարյանի ժամանակահատվածում ապահովվել է իր կողմից: Սակայն երբեք բանակցային բուն գործընթացից ԼՂ-ը դուրս չի մղվել»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ փոխնախագահի կողմից նման խոստովանություն անելուն, դաշնակցական գործիչն ասաց. «Ես զարմանում եմ, որ այդ տեսակետը ներկայացնում է իշխող կուսակցությունը, որը նաեւ Ռ. Քոչարյանի ժամանակ էր իշխում: Այսօր փորձ է արվում ներկայացնել թե դա միայն 2-րդ նախագահի մեղքով է եղել: Չի եղել Ղարաբաղին դուրս մղելու քաղաքականություն, եղել է պարզապես ԼՂ տեսակետները ներկայացնելու իրավասություն ունեցող անձի, տվյալ դեպքում՝ Ռ. Քոչարյանի կողմից, մասնակցության հնարավորություն:

Փորձում են նաեւ մեղադրել ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ-ն միշտ հանդես է եկել Ղարաբաղը բանակցային գործընթացի մաս դարձնելու օգտին, բայց քանի որ ՀՅԴ խոսքերը տեղ չեն հասնում, ստացվում է, որ ՀՅԴ-ն մեղավոր է մի բանում, որը ոչ միայն մեծ հաշվով չի եղել, այլեւ ՀՅԴ-ի մեղավորությունն աննշան է, կամ չկա»:

Նրա խոսքով, նույնիսկ եթե ԼՂ-ն չի ներկայացրել իր մոտեցումները քննարկման ընթացքում, դա ամենեւին չի նշանակում, որ այսօրվա իշխանությունները չպետք է պահանջեն ու պարտադրեն, որ ԼՂ-ն դառնա բանակցային կողմ: