Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը պայմանական վճիռ է կայացրել տեղի բնակչուհու նկատմամբ, որը երեքամյա երեխային մանկապարտեզ էր ուղարկել «Ես ռումբ եմ» եւ «Ջիհադ՝ ծնված սեպտեմբերի 11-ին» մակագրություններով շապիկով, հայտնում է Agence France-Presse-ը:
Այդպիսով դատարանը չեղյալ է ճանաչել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով ապրիլին կնոջ վրայից հանել էին բոլոր մեղադրանքները: Այդ վճիռը բողոքարկել էր դատախազությունը:
Իր որդուն նման կերպ հագցրած Բուշրա Բագուրը դատարանում հայտարարել էր, որ պարզապես ցանկացել էր նշել իր որդու՝Ջիհադի ծննդյան օրը, որն իսկապես ծնվել էր սեպտեմբերի 11-ին: Ըստ նրա՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետ իր գործողությունները ոչ մի կապ չեն ունեցել: Սակայն դատարանը վճռել է, որ Բագուրի գործողություններն ահաբեկչության տարրեր են պարունակում, այդ պատճառով էլ նրան պայմանական մեկ ամսով ազատազրկման են դատապարտել: Բացի դրանից, նրան պարտավորեցրել են վճարել երկու հազար եվրո տուգանք, հաղորդում է Lenta.ru-ն:
Դատապարտվածի եղբայրը, որը զարմիկին նվիրել էր սադրիչ մակագրություններով այդ շապիկը, դատապարտվել է չորս հազար եվրո տուգանքի եւ երկու ամիս պայմանական ազատազրկման:
Երկու դատապարտյալն էլ դատարանում փորձել են ապացուցել, որ երբեք չէն համակրել ահաբեկիչներին, թեեւ խոստովանել են, որ իրենց գործողությունները «անտակտության դրսեւորում են եղել»:





























