Սեպտեմբերի 19-ին Սուրբ Աթոռում բացվել է ՀՀ դեսպանությունը, ինչին հետեւել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Հռոմի պատմական կենտրոնում գտնվող Պալացցո դելլա Կանչելերիա վատիկանյան պալատում:

Ցուցահանդեսը կազմակերպել են Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը` Մշակույթի Քահանայապետական խորհրդի (Սուրբ Աթոռի Մշակույթի նախարարության) հովանու ներքո:

Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Իտալիայում եւ Սուրբ Աթոռում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը, Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին (Leonardo SANDRI) եւ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:

Ելույթներում բանախոսները անդրադարձել են Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ առկա ավանդական բարեկամական կապերին, ընդհանուր մշակութային եւ հոգեւոր ժառանգությանը:

Կարդինալ Լեոնարդո Սանդրին նշել է, որ Սուրբ Աթոռը միշտ առանձնահատուկ հարաբերություններ է ունեցել հայ ժողովրդի հետ, որոնք պայմանավորված են հայերի քրիստոնեական հին պատմությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացումը կընդլայնի երկկողմ փոխադարձ աջակցության հարուստ ճանապարհը:

Դեսպանատան եւ ցուցահանդեսի բացմանը որպես մասնավոր անձ ներկա գտված BBC-ի թղթակից Մարկ Գրիգորյանը նշել է.«Ես եղել եմ, շատ տարբեր երկրներում բազմաթիվ միջոցառումների: Սա լավագույններից էր: Ես դա 100 տոկոսով կարող եմ վստահեցնել՝ եւ՛ հրավիրյալների տեսանկյունից, եւ՛ միջոցառման կազմակերպչական մակարդակից : Գիտեք, մեր կովկասյան սովորույթներից մեկը երկար ճառեր ասելն է, եւ ամեն ինչ այնքան ճիշտ ու լավ էր կազմակերպված, որ ամենաերկար ելույթն ունեցավ Վատիկանը ներկայացնող կարդինալը, ով շատ լավ նկարագրեց հայ-վատիկանյան եւ հայ-իտալական կապերի վիճակը, սկսած հայ միջնադարյան փիլիսոփաներից»:

Նշենք, որ միջոցառմանը ներկա են եղել շուրջ 350 հոգի, այդ թվում` Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսինիոր Դոմինիկ Մամբերտին (Dominique Mamberti) (Սուրբ Աթոռի արտգործնախարար), Սուրբ Աթոռի արարողակարգի ղեկավար Մոնսինիոր Խոսե Բետանկուրը (Jose Bettencourt), Կաթողիկե դաստիարակության միաբանության նախագահ կարդինալ Զենոն Գրոչոլեւսկին (Zenon Grocholewski), Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Նեապոլի եւ Նարդոյի քաղաքապետարանների պատվիրակությունները, Անարատ հղության հայ քույրերի միաբանության, հայ համայնքի ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված լրագրողներ:

Մարկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ ներկաների թվում է եղել նաեւ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Ի պատասխան հարցի, թե մատնաշվեցի՞ն ապագայում հայ-վատիկանյան կապերի ու համագործակցության կոնկրետ քայլեր ու նախաձեռնություններ, Մարկ Գրիգորյանը ասել է. «Գիտե՞ք, ընդունելությունների ժամանակ նման բաների մասին չեն խոսում: Ես, իհարկե, սկզբում մի քիչ կասկածամտորեն էի մոտենում, բայց հետո համոզվեցի, որ իսկապես, երկու շատ կարեւոր եկեղեցիներ են։ Վատիկանը համաշխարհային մեծություն ունեցող եկեղեցի է, եւ կաթոլիկների թիվը աշխարհում 2 միլիարդից անցնում է: Եվ չունենալ այդ կարգի կողմնակից …Սա աշխարհի ամենամեծ կողմնակիցներից մեկն է, որը մենք կարող ենք ունենալ: Նկատի ունեմ՝ դիվանագիտական կողմնակից»։

Եվ հիմա, կարծում է Մարկ Գրիգորյանը, Հայաստանը կանգնեց ճիշտ ուղու վրա։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» Ցուցահանդեսը այցելուների համար բաց է լինելու սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 19-ը: