Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր քաղաքից դուրս գտնվող առանձնատանը հյուրընկալել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին։ Վրաստանի նախագահը նրա հետ խաղող է քաղել, ինչից հետո քաղաքական գործիչները ոտքերով ճզմել են այն։
Սահակաշվիլին, որը նախագահական ժամկետը լրանալուց հետո մտադիր է գինեգործությամբ զբաղվել, տուն եւ խաղողի այգի ունի Կախեթի մարզի Քվարելի շրջանում։ Ավանդույթի համաձայն՝ ամեն տարվա բերքահավաքին Սահակաշվիլին հյուրընկալում է ատասահմանցի հայտնի քաղաքական գործիչների։
«Գռուզիա Online»-ը հայտնում է, որ Վրաստանի նախագահը ոչ պաշտոնական այցով երկրում գտնվող Վիկտոր Յուշչենկոյին ցույց է տվել վերջերս բացված գինեգործական կենտրոնը, որտեղ Փարիզի համտեսողների եւ գինեգործների միության անդամ Ժան Միշել Մունյեն թրեյնինգներ է անցկացնում։
Յուշչենկոն եւ Սահակաշվիլին մասնակցել են խաղողի բերքահավաքին, ինչից հետո վրացական երգի հնչյունների ներքո Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած գինեգործների հետ ճզմել են խաղողը։





























