Գիտնականները մշտապես վիճում են առաջնեկին լույս աշխարհ բերելու իդեալական տարիքի շուրջ՝ տարբեր հիմնավորումներ նշելով:
Ամենատարածված կարծիքն այն է, որ կինը պետք է ծննդաբերի մինչեւ 35 տարեկան դառնալը, քանի որ հետագայում գենետիկ մուտացիաների կուտակման գործընթաց է սկսում, որոնք կարող են ժառանգաբար փոխանցվել: Սակայն վերջերս պարզվել է, որ վաղ տարիքում հղիանալը կարող է հանգեցնել ցածր ինտելեկտով երեխաների ծննդին: Ռիսկային խմբում են 16-22 տարեկան մայրերի երեխաները: Երիտասարդ մայրերն առավել հաճախ են ընկճախտի ախտանշաններ ունենում, ինչը մեծացնում է այն նորածինների տոկոսը, որոնք հետագայում խնդիրներ են ունենում սովորելու եւ հիշողության հետ կապված, փոխանցում է MedVesti-ն:
Բրիտանացի գիտնականները 11 տարի տեւած ուսումնասիրություններում ընդգրկել են 176 ընտանիք: Հրապարակված արդյունքները վկայում են, որ մինչեւ 22 տարեկան եւ դեռահաս մայրերից ծնված երեխաները ավելի հաճախ են միջինից ցածր IQ ունենում: Գիտնականները նշում են, որ անհրաժեշտ է օգնություն եւ աջակցություն ցուցաբերել հղիներին՝ ինչպես բժշկական, այնպես էլ ընտանեկան:
Ցածր IQ-ի հիմնական պատճառը լինում է մայրերի մինչծննդաբերական ընկճախտը, որը պտղի գլխուղեղում փոփոխություններ է առաջացնում: Նման ընկճախտի հաճախ բախվում են երիտասարդ մայրերը: Բացի տարիքից, նաեւ բազմաթիվ այլ գործոններ կարող են ազդել պտղի վիճակի վրա:
Հարկավոր է պլանավորել երեխայի բեղմնավորումը, հղիության ընթացքում կանացի կոնսուլտացիաների այցելել եւ հետեւել երեխայի առողջությանը: Այդ դեպքում, անկախ մոր տարիքից, խելացի երեխա ունենալու հնարավորությունները մեծանում են:





























